Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից պատասխանել են անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակի և նպաստի հետվճարի մասին հաճախ տրվող հարցերին․
1․ Ո՞ր բանկերն են միացել անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակի մինչև 10% հետվճարի ծրագրին։
-Այս պահին ծրագրի շրջանակում՝ ԱՍՀ նախարարության հետ համագործակցող բանկերն են՝ ՎՏԲ Հայաստան բանկ, Արդշինբանկ, Հայէկոնոմ բանկ, Հայբիզնես բանկ և Ակբա բանկ։ Նախարարությունը պատրաստակամ է համագործակցել ծրագրին միանալ ցանկացող այլ բանկերի հետ ևս։
2․ Եթե ինձ սպասարկող բանկը չի միացել ծրագրին, կարո՞ղ եմ փոխել քարտս ու ստանալ անկանխիկ գործարքներից գոյացող հետվճարը։
-Այո, հնարավոր է։ Այս դեպքում կարող եք դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։
3․ Հնարավո՞ր է կոմունալներ վճարելուց հետո ստանալ կենսաթոշակիս հետվճարը։
-Այո, հետվճարի ծրագիրը գործում է նաև կոմունալներն անկանխիկ վճարելու դեպքում՝ այն պարագայում, եթե վճարումն արվել է քարտը թողարկած բանկի բանկոմատով կամ իրականացվել է տվյալ բանկի մոբայլ հավելվածի միջոցով։
4․ Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստից հետվճար գոյանո՞ւմ է։
-Այո՛։ Հետվճար կարող են ստանալ նաև մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ ստացող ծնողները։
5․ Մի քանի ամիս թոշակը չծախսելու դեպքում հետվճարի 10%-ն ինչպե՞ս է հաշվվում։
-Հետվճարը հաշվվում է կատարած անկանխիկ գործարքների գումարի 10%-ի չափով, բայց ոչ ավելի քան 5000 դրամը։ Օրինակ՝ եթե քաղաքացին կենսաթոշակի կամ նպաստի քարտով անկանխիկ տնօրինել է 60,000 դրամ, հաջորդ ամիս հետվճարի գումարը կկազմի 5000 դրամ։