Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով մինչդատական վարույթի ընթացքում խախտվել են տուժողի իրավահաջորդ Մնացական Մնացականյանի իրավունքները և իրավաչափ շահերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։
«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ ՀՀ լավագույն դատավորներից՝ Ա.Վարդանյանի նախագահությամբ, բավարարեց ներկայացված հատուկ վերանայման բողոքը և արձանագրեց, որ ՀՀ վարչապետին ուղեկցող շարասյան ավտոմեքենայի վարորդի կողմից Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով մինչդատական վարույթի ընթացքում խախտվել են տուժողի իրավահաջորդ Մնացական Մնացականյանի իրավունքները և իրավաչափ շահերը՝ շարասյան ղեկավար և պատասխանատու կազմի պաշտոնատար անձանց արարքների քրեաիրավական գնահատման կապակցությամբ պատշաճ քննություն չկատարելու իմաստով։
Բազմիցս նշել եմ, որ այս դեպքով իրականացվել է ուղղորդված նախաքննություն, բացահայտ նպատակներով «անհետացվել» է շարասյան ավտոմեքենաներում օգտագործված ռադիոկապի ձայնագրությունը։ Նաև չեմ բացառում, որ իշխանությունը փորձելու է ՀՀ վճռաբեկ դատարանի միջոցով բեկանել այս դատական ակտը և ի վերջո փակել իր համար խոցելի թեման (քանի որ մեր հասարակության հիշողության աստիճանը լավ են «չափել»), իսկ անկախ դատավորին, տաղանդավոր իրավաբանին դարձնել ԲԴԽ կոչված՝ իրավունքի, իրավաբանության կառափնարանի հերթական թիրախ»,-գրել է նա։