Քննիչն ապացույցներ է կեղծել․ գործն ուղարկվել է դատարան

2023 թվականի մարտի 3-ին հսկող դատախազը մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկել Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի կողմից ենթադրյալ ապացույցներ կեղծելու վերաբերյալ քրեական վարույթը:

ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննված քրեական վարույթի շրջանակում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ քննիչ Ա.Ո.-ն, զբաղեցնելով Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի պաշտոնը, իրականացրել է Քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (կողոպուտ) հարուցված քրեական վարույթի նախաքննությունը: Վարույթի նյութերով պարզվել է, որ քննիչ Ա.Ո.-ն որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի (անձանց) հայտնի չլինելու հիմքով, 2022 թվականի մարտի 31-ին կայացրել է նշված քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշում: Այնուհետև, դրա օրինականությունը ստուգելու նպատակով ուղարկել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: Հսկող դատախազի կողմից քննիչին տրվել է քրեական գործով կասեցված վարույթը վերսկսելու, հանցանք կատարած անձանց ինքնությունները պարզելու նպատակով տուժողի դստերը՝ առերևույթ հանցավոր արարքի կատարման ականատես վկային, լրացուցիչ հարցաքննելու վերաբերյալ գրավոր ցուցում:   

Ստանալով քրեական վարույթի նյութերը և դատախազի ցուցումը՝ այն իբրև կատարելու, հանցագործությունը բացահայտելու պատրանք ստեղծելու նպատակով, քննիչ Ա.Ո.-ն վկայի տվյալներով կազմել է լրացուցիչ հարցաքննության տպագիր արձանագրություն, շարադրել նախորդ հարցաքննությանը հակասող բովանդակությամբ ցուցմունք՝ ներառելով կեղծ տեղեկություններ: Այնուհետև, քննությամբ դեռևս չպարզված անձը հարցաքննության արձանագրությունում վկայի փոխարեն ստորագրել և կատարել է «Ցուցմունքը տպագրվեց քննիչի կողմից ճիշտ է, որի համար ստորագրում եմ» ձեռագիր գրառումը, իսկ քննիչ Ա.Ո.-ն իր ստորագրությամբ հաստատել է ապացուցողական գործողության արձանագրությունը: 

2023 թվականի հունվարի 5-ին դատախազը Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացրել՝ 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 2-րդ մասով (քննիչի կողմից ապացույցներ կեղծելը): Որպես խափանման միջոց ընտրված է պաշտոնավարման կասեցումը և բացակայելու արգելքը:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել