Բարձրագույն դատական խորհուրդն անդրադարձել է օրեր առաջ Երևան քաղաքի առաջին ատյանի ընհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի հայտարարություններին:
Նշենք, որ դատավոր Հարությունյանը ներկա էր գտնվել Զարուհի Նախշքարյանի գործով որոշման հրապարակմանը։ Նա լրագրողների հետ զրույցում ասել էր, որ դատավորները, որոնք ցանկանում են խուսափել կարգապահական պատասխանատվության ենթարկվելուց, հավանաբար, պետք է դիլիջանյան հայտնի հանդիպումների ժամանակ ուրվագծված, մատուցված կամ հրամցված մոտեցումներով առաջնորդվեն։
«Ասացին, որ պետք է դատարաններում ստեղծվեն ինչ-որ մամուլի պատասխանատուներ և ցանկացած հարցազրույց նրանց միջոցով արվի։ Օրինակ, եթե դուք ինձ հարցնեք՝ ինչպե՞ս է իմ առողջությունը, ես զանգեմ իրենց հարցնեմ՝ կարելի՞ է հարցազրույց տալ»,-նշել էր դատավորը։
«Հարգելի՛ գործընկերներ,
թյուրըմբռնումներից խուսափելու համար հարկ ենք համարում անդրադառնալ օրեր առաջ Երևան քաղաքի առաջին ատյանի ընհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի հայտարարություններին:
Նախ՝ նշենք, որ խոսնակների ցանցի ստեղծումը ոչ թե դատավորներին լռեցնելու միջոց է, այլ հանդիսանալու է հարթակ ապատեղեկատվության կանխման, հանրություն- դատարաններ կապի ամրապնդման համար: Ցանցի ստեղծումը նպատակ է հետապնդելու կանոնակարգել դատավորների շփումը լրատվամիջոցների հետ բոլոր այն դեպքերում, երբ դատավորն իր ելույթներով հանդես կգա դատական իշխանության անունից: Իսկ մյուս բոլոր դեպքերում, երբ դատավորը կցանկանա ներկայացնել իր անձնական դիրքորոշումը այս կամ այն հարցի վերաբերյալ, ազատ է դա կատարել ցանկացած եղանակով՝ ընդգծելով, որ ներկայացնում է սեփական համոզմունքներն ու կարծիքը:
Ի դեպ՝ այս կարգավորումը նոր չէ, այն գործում է դեռևս 2019 թվականից ԲԴԽ-2-Ն-1 որոշմամբ, որտեղ նշված է, որ զանգվածային լրատվության միջոցներով դատավորները կարող են հանդես գալ մամուլի ծառայության միջոցով: Խոսնակների ցանցի ստեղծումը կենթադրի ամեն դատարանում մեկական աշխատակից, որը լրագրողների հետ մշտական կապի մեջ կլինի նրանց հուզող հարցերի վերաբերյալ պարզաբանումներ տալու նպատակով, ինչպես նաև կհամագործակցի ԲԴԽ մամուլի ծառայության հետ՝ հրապարակման ենթակա տեղեկությունների ստեղծման, տարածման և կեղծ տեղեկությունների տարածումը կանխելու գործում:
Ինչ վերաբերում է վերջին օրենսդրական փոփոխություններին, հարկ ենք համարում տեղեկացնել, որ Դիլիջանում անցկացված հավաքների ընթացքում քննարկված թեմաները հավաքագրվել են մինչ այդ ԲԴԽ նախագահի հետ առանձին դատարանների դատավորների հետ հանդիպումների ժամանակ, և դրանց լուծումները ոչ թե ԲԴԽ նախագահի միանձնյա որոշումների արդյունք են, այլ արդեն դիլիջանյան հավաքների ընթացքում օրենսդիր, գործադիր և դատական համակարգի ներկայացուցիչների կողմից վեր հանված հրատապ լուծում պահանջող խնդիրների կարգավորմանն ուղղված քայլեր են, որոնք էականորեն կնպաստեն արդարադատության որակի բարձրացմանը»,-ասվում է ԲԴԽ հայտարարությունում: