Ի՞նչ ժամկետում պետք է ավտոմեքենան ներկայացնել տեխնիկական զննության

Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են տեխնիկական զննության:

Տրանսպորտային միջոցի առաջին տեխնիկական զննությունը կատարվում է նախքան տրանսպորտային միջոցըՃանապարհային ոստիկանությունում առաջին անգամ հաշվառելը:

Նոր թողարկված (տվյալ տարում արտադրված) տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունը կատարվում է տրանսպորտային միջոցի հաշվառմանը հաջորդող տարում` մինչև հաշվառման կտրոնի վրա նշված (փակցված կամ դակված) ամսվա վերջին օրը: Այդ տրանսպորտային միջոցներին հաշվառման համարանիշի հետ տրվում է հաշվառման կտրոն, որը պետք է փակցվի տեխնիկական զննության կտրոնի համար նախատեսված տեղում:

Տրանսպորտային միջոցի երկրորդ և հետագա տեխնիկական զննությունները կատարվում են հետևյալ պարբերականությամբ.
ա) ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցները` կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրոլեյբուսները, ավտոբուսները և մարդատար-տաքսի ավտոմոբիլները (բացառությամբ մեկ մարդատար տաքսի-ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ իրականացնող անհատ ձեռնարկատերերին պատկանող մարդատար-տաքսի ավտոմոբիլների)` յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ.
բ) տրանսպորտային միջոցները, դրանց թողարկման տարվան հաջորդող չորրորդ տարին ներառյալ (բացի սույն մասի «ա» կետում նշված տրանսպորտային միջոցներից)` յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ.
գ) տրանսպորտային միջոցները, այդ թվում` մեկ մարդատար տաքսի-ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ իրականացնող անհատ ձեռնարկատերերին պատկանող մարդատար-տաքսի ավտոմոբիլները, դրանց թողարկման տարվան հաջորդող հինգերորդ տարվանից սկսած, իսկ ինքնաշեն կամ թողարկման տարին չճշտված տրանսպորտային միջոցները (բացի սույն մասի «ա» կետում նշված տրանսպորտային միջոցներից)` յուրաքանչյուր տարին մեկ անգամ:
Տրանսպորտային միջոցը սույն մասի պահանջին համապատասխանող տարում տեխնիկական զննություն պետք է անցնի մինչև նախորդ տեխնիկական զննության արդյունքում տրամադրված կտրոնի վրա նշված ամսվա վերջին օրը:

Տեխնիկական զննությունն իրականացնում են տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության գործունեության լիցենզիա ունեցող կազմակերպությունները, բացառությամբ տրոլեյբուսների, որոնց տեխնիկական զննությունն անցկացնում են դրանք շահագործող կազմակերպությունները:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության և ոստիկանության ծառայողական տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացվում է համապատասխան պետական մարմինների իրավասու ստորաբաժանումներում` պետական մարմինների ղեկավարների հրամանով սահմանված կարգով:

Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության սակագների ձևավորման սկզբունքները և դրանք հաստատող պետական մարմինը սահմանվում են օրենքով:

Լիցենզիայում պետք է նշվի շահագործվող հոսքագծերի քանակը` ելնելով լիցենզիայի գործողության տարածքում հաշվառված տրանսպորտային միջոցների քանակից: Լիցենզավորված անձը կարող է իր հոսքագծերը տեղակայել իր լիցենզիայի գործողության տարածքի մեկ կամ մի քանի վայրերում: Լիցենզավորված անձն իրավունք չունի իրականացնելու տրանսպորտային միջոցների առուվաճառք, տրանսպորտային միջոցների վերանորոգում, տրանսպորտային միջոցները վարձակալությամբ տալու գործունեություն:

Տեխնիկական զննության արդյունքում շահագործման պահանջներին համապատասխանող տրանսպորտային միջոցի համար զննություն իրականացրած լիցենզավորված անձը տրամադրում է սահմանած նմուշի կտրոն, որը պետք է փակցվի տրանսպորտային միջոցի վրա` վարորդի կողմից առջևի հողմապակու ներքևի աջ անկյունում, բացառությամբ կցորդի (կիսակցորդի), որի տեխնիկական զննության կտրոնը պետք է գտնվի քարշակող տրանսպորտային միջոցի վարորդի մոտ:

Կտրոնը համարվում է խիստ հաշվառման փաստաթուղթ: Կտրոնները լիցենզավորված անձին տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարարության լիազոր մարմինը` հօգուտ պետական բյուջեի գանձելով օրենքով սահմանված պետական տուրք յուրաքանչյուր միավորի համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել