«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխությունների արդյունքում դատախազներին կվճարվի ամսական հավելում` պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով: Այս մասին բարձրաձայնել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը փետրվարի 28-ի ԱԺ նիստում:
Զեկուցողի խոսքով նման մոտեցումն առաջ է քաշվել` հաշվի առնելով որոշ կարեւոր գործոններ` քրեական վարույթի ընթացքում դատախազի նկատմամբ առկա արտաքին ճնշումների անհամեմատ բարձր հավանականությունը` պայմանավորված վարույթի ընթացքում դատախազի` անձի համար ինչպես բարենպաստ, այնպես էլ անբարենպաստ որոշումներ կայացնելու բացառիկ լիազորությունով օժտված լինելու հանգամանքով:
«Քրեական գործերի քանակի շարունակական աճի պայմաններում դատախազների գերծանրաբեռնվածությունը կարող է հանգեցնել դատախազությանը վերապահված գործառույթների արդյունավետության նվազեցմանը: Մյուս կողմից` ցածր վարձատրության պայմաններում գերծանրաբեռնվածությունը, հանրային բարձր պատասխանատվությունը, դատախազների վրա առկա հնարավոր ճնշումները վերջինիս աշխատանքը դարձնում են պակաս գրավիչ` համակարգը բարձր որակավորում ունեցող մասնագետներով համալրելու տեսանկյունից»,- ընդգծել է փոխնախարարը:
Ըստ Լեւոն Բալյանի` դատախազներին տրամադրվելիք հավելումների պայմաններում համակարգում մինչեւ 2024 թվականի ավարտը նախատեսվում է իրականացնել ատեստավորում:
Զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին: Դրանք վերաբերել են համակարգում բարեփոխումների իրականացման անհրաժեշտությանը, որակյալ կադրերի արտահոսքի կանխմանը, դատարանների ծանրաբեռնվածությանը:
Հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Պատգամավորի խոսքով նախագիծը միտված է բարելավելու դատաիրավական համակարգը, ինչպես նաեւ մաս է կազմում Կառավարության` Հակակոռուպցիոն քաղաքականության: «Աշխատավարձերի բարձրացման միջոցով մենք զերծ ենք պահում դատախազական համակարգը կոռուպցիայից, ինչպես նաեւ ներգրավում ենք բարձր որակավորում ունեցող մասնագետների»,- ընդգծել է Լիլիթ Մինասյանը:
«Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը: Նա խոսել է սոցիալական ոլորտում առկա խնդիրներից, մտահոգություն հայտնել աշխատավարձերի անհամաչափ բաշխման վերաբերյալ: