2021 և 2022 թվականների ընթացքում Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի ավելի քան 150 քառակուսի կիլոմետր հատված․ Կառավարության զեկույցը

Կառավարությոունը հաստատել է և շուտով Ազգային ժողով կուղարկի կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ հրապարակված տեքստում նշվում է, որ աշխարհաքաղաքական խորացող անկայունությունը, աշխարհակարգի և միջազգային անվտանգության ոլորտում ակնհայտ դարձող անորոշություններն ու լարվածություններն ավելի են սրում Հայաստանի արտաքին անվտանգության սպառնալիքները:

«2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիա են սկսել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատ­մամբ՝ խոշոր տրամաչափի զինատեսակների, հրետանու, հրթիռային համակարգերի, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ:

Ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունեցել է 225 զոհ, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, վիրավորվել է 293 զինծառայող և  քաղաքացիական 7 անձ, գերեվարվել է 20 զինծառայող»,-նշվում է զեկույցի տեքստում:

2022-ի սեպտեմբերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերի 36 բնակավայր, այդ թվում` Գորիս, Սիսիան, Կապան, Ջերմուկ, Վարդենիս, Տեղ, Գեղամասար համայնքները, ինչի հետևանքով մասնակի կամ ամբողջական ավերվել են 192 տուն, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բժշկական հաստատություն, 1 հանդիսությունների սրահ, 4 գոմ: Վնասվել են 7 էլեկտրա­կան ենթակառուցվածք, 5 ջրային ենթակառուցվածք, 3 գազամուղ, 1 կամուրջ, 2 ավտո­ճանապարհ, 1 փողոց: Թիրախավորվել են 2 շտապօգնության մեքենա, 4 անձնական օգտագործման ավտոմեքենա: Ադրբեջանի զինված ուժերը մի քանի ուղղություններով մխրճվել են ՀՀ ինքնիշխան տարածք․ «2021 և 2022 թվականների ընթացքում Հայաստանի դեմ իրականացրած ագրեսիա­ների հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի ավելի քան 150 քառակուսի կիլոմետր հատված։ ՀՀ ինքնիշխան տարածքի ևս 75 քառակուսի կիլոմետր հատված ադրբեջանական օկուպացիայի ներքո է 1990-ականներից»:

Նշենք, որ ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանն առաջին էր, որ հրապարակավ հայտարարեց, որ անցած մեկ տարվա ընթացքում Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքից 127 քառակուսի կիլոմետր տարածք է օկուպացրել։

Մինչդեռ այս թիվը, ըստ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի, ավելին է՝ շուրջ 130 քառակուսի կիլոմետր․ «130 քառակուսի կմ սահմաններում տարածքային կորուստը հաշվում եմ 2020 թվականի ռազմական գործողությունների ավարտից հետո, որը մեր հաշվարկով՝ ռազմատեղագրական ծառայության հաշվարկներով այդպես է»:

Ավելի վաղը վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, թե 2021-ից մինչև օրս ադրբեջանական կողմը Հայաստանի տարածքից 51 քառակուսի կիլոմետր է գրավել։

Նշվում է, որ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի առնչությամբ ՀՀ-ն պաշտո­նապես դիմել է ՌԴ-ին՝ Բարեկամության, համագործակցու­թյան և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու, Հավաքական անվտանգության պայմանա­գրի կազմակերպությանը (այսուհետ՝ ՀԱՊԿ)՝ ՀՀ անվտանգության, տարածքային ամբողջակա­նու­թյան և ինքնիշխանության ապահովման նպատակով «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն ՀՀ-ին համապատասխան աջակ­ցություն (այդ թվում՝ ռազմական) տրամադրելու և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ հատուկ նիստում ՀՀ-ի հանդեպ իրականացված ագրեսիայի վերաբերյալ քննար­կում­ներ անցկացնելու նպատակով:

«Ագրեսիայի առնչությամբ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին տեսակոն­ֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտա­հերթ նիստ, որի որոշմամբ սեպտեմբերի 15-ին մոնիթորինգային առաքելություն իրականացնելու նպատակով ՀՀ է ժամանել ՀԱՊԿ Միացյալ շտաբի օպերատիվ խումբը։

2022 թվականի նոյեմբերի 23-ին Երևանում տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որի ընթացքում հայկական կողմն ընդգծել է, որ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիաների կապակցությամբ ՀԱՊԿ-ից համարժեք արձագանք չի ստացվել։ Հայկական կողմն արձանագրել է, որ նիստի ընթացքում ստորագրման ներկայացված «ՀԱՊԿ Հավաքական անվտանգու­թյան խորհրդի հռչակագրի» և «Հայաստանի Հանրապետությանն օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագծերը չեն պարունակում ՀՀ-ի դեմ ագրեսիայի վերաբերյալ քաղաքական հստակ գնահատական և ագրեսիայի հետևանքները վերացնելու, ՀՀ տարածքա­յին ամբողջականությունը վերականգնելու գործողությունների պլան: Բացի դրանից, ՀԱՊԿ մի շարք անդամ երկրների կողմից արտահայտված անորոշ դիրքորոշումների բերումով ՀԱՊԿ պատաս­խա­նատվության գոտին ճշգրտելու անհրաժեշտություն է առաջացել: Առանց նշված հարցերի ճշգրտման՝ ՀՀ-ն նպատակահարմար չի համարել հիշատակված փաստաթղթերի ստորագրումը, ինչի պատճառով որոշումները չեն ընդունվել:

ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի կապակցությամբ, ՀՀ-ի դիմումի հիման վրա, սեպտեմբերի 15-ին Ֆրանսիայի Հան­րապետության (այսուհետ՝ Ֆրանսիա) նախագահությամբ տեղի է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ հանդիպում։ Հանդիպման ընթացքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետություններն արձանագրել են ուժի կիրառ­ման անթույլատրելիությունը, կարևորել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի պահպանումը՝ շեշտելով նաև ՀՀ տարած­քում քաղաքացիական ենթա­կառուցվածքների թիրախավորման փաստը։

2022 թվականի հոկտեմբերի 21-27-ը ՀՀ է ժամանել ԵԱՀԿ կարիքների գնահատման թիմը՝ սեպտեմբերի 13-ին սկսված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանային հատվածներում և բնակավայրերում ստեղծված իրավիճակին ծանոթանալու համար։

2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպմանը ձեռք բերված համաձայնությունան արդյունքում հոկտեմ­բերի 17-ին Եվրոպական միության (այսուհետ՝ ԵՄ) խորհուրդն ընդունել է որոշում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով ԵՄ դիտորդ-փորձագետներ տեղակայելու մասին: Առաքե­լության մանդատը ներառում էր իրավիճակի դիտորդու­թյուն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի երկայնքով՝ երկու երկրների միջև վստահության կառուց­մանն աջակցելու և սահմանային հանձնաժողով­ներին ԵՄ առավել առարկայական աջակցությունն ապահովելու նպատակով։ ԵՄ դիտոր­դական առաքելությունը 2022 թվականի դեկտեմբերի 19-ին ավարտել է իր մանդատը։ ԵՄ խորհուրդը 2023 թվականի հունվարի 23-ին համաձայնություն է տվել ՀՀ տարածքում երկու տարի ժամկետով քաղաքացիական նոր առաքե­լու­թյուն (EUMA) ստեղծելու առա­ջարկին։ 2023 թվականի փետրվարի 20-ին առաքելությունն սկսել է իր աշխատանքը ՀՀ-ում»,-նշվում է զեկույնցում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել