Ադրբեջանն առավոտից կեղծ տեղեկությունների «պերեդոզ» է կազմակերպել․ Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանն առավոտից կեղծ տեղեկությունների «պերեդոզ» է կազմակերպել Խոջալուի հայտնի իրադարձությունների վերաբերյալ, բնականաբար սեփական քարոզչական հեքիաթի ու քաղաքական փաթեթավորմամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Հայաստանի իշխանությունը բնականաբար ինչպես այս, այնպես է նմանատիպ այլ ադրբեջանական քարոզչական հարձակումներին լուրջ հակազդեցություն չի ապահովում:

ՀՀ իշխանությունը միջազգային հանրությանը չի ներկայացնում, թե ինչպես էին Խոջալու բնակավայրում ադրբեջանցի զինյալները որպես վահան օգտագործում սեփական խաղաղ բնակիչներին:

Իշխանությունը չի պատմի այն պարզ իրականությունը, թե ինչպես էին ադրբեջանական ստորաբաժանումները խոչընդոտում խաղաղ բնակիչների` հայերի տրամադրած հումանիտար միջանցքով մարտադաշտից դուրս գալու հանգամանքը:

Իշխանությունը չի պատմի, թե ինչպես անտերության մատնեց ադրբեջանական իշխանությունը Խոջալուից հեռացած սեփական քաղաքացիների ճակատագիրը:

ՀՀ իշխանությունը չի պատմում, թե ինչ եղավ Խոջալուից հեռացող այն խաղաղ բնակիչների հետ, ովքեր փորձեցին Ադրբեջան հասնել այդ պահին ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Աղդամով ու ոչնչացվեցին ադրբեջանցի զինյալների կողմից:

Եվ վերջապես այս իշխանությունը չի խոսի այն մասին, թե ինչով էր կարևոր Խոջալուի` որպես Ստեփանակերտի և հարակից բնակավայրերի ուղղությամբ գործող կրակակետի ոչնչացումը և դրան ինչ կարևոր իրադարձություններ հաջորդեցին:

Այժմ Ադրբեջանի համար բացառիկ հնարավորություն է ՀՀ-ում ունենալ այնպիսի իշխանություն, որը կլռի ոչ միայն ադրբեջանական տոտալ գրոհների, այնպես էլ նախորդ շրջանում Հայաստանի ու Արցախի ունեցած նշանակալի իրադարձությունների վերաբերյալ»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել