1988թ. փետրվարի 27-29-ին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ խաղաղ և օրինական ճանապարհով իրենց իրավունքների համար պայքարին ի պատասխան՝ Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների հրահրմամբ կազմակերպվեցին հայ բնակչության ջարդեր, բռնի տեղահանումներ, որոնք շարունակվեցին նաև այլ քաղաքներում՝ Կիրովաբադում, Բաքվում։ Ջարդերից հետո Ադրբեջանի երբեմնի հայաշատ քաղաքներն ամբողջությամբ հայաթափվեցին, կես միլիոն հայ դարձավ փախստական՝ զրկվելով իր ունեցվածքից։ Ըստ խորհրդային մարդահամարների տվյալների՝ մինչ վերոնշյալ ջարդերը Սումգայիթում ապրել է 18 հազար, Բաքվում՝ 250 հազար, Կիրովաբադում՝ 48 հազար հայ։
Այս մասին հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը։
«Ադրբեջանում հայերի դեմ իրականացված ջարդերը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ հանուն իր պատմական հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու խաղաղ և ժողովրդավարական պայքարը բռնի ուժով ճնշելու նպատակ էին հետապնդում։ Այդ պայքարի մեկնարկն ազդարարեց 1988թ․ փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդական պատգամավորների խորհրդի կայացրած պատմական որոշումը՝ խնդրանքով դիմել Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության և Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խորհուրդներին՝ «խորապես ըմբռնել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ձգտումները և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցը»։ Այդ որոշումը պարտադրված էր տասնամյակներ շարունակ արցախահայության դեմ Ադրբեջանի ԽՍՀ իշխանությունների կողմից իրականացված խտրականության և բռնաճնշումների քաղաքականությամբ։
Հարկ է նշել, որ
● Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում և այլ քաղաքներում իրականացված հայերի ջարդերը պետական մակարդակում նախապես պլանավորված բնույթ ունեին։
● Սումգայիթի ջարդերը կազմակերպված են եղել, հրահրվել են տեղական իշխանությունների կողմից, ոստիկանությունը կամ օժանդակել է, կամ հանցավոր անգործություն ցուցաբերել։
● Ոճրագործություններ իրականացնողների անպատժելիությունն ու հերոսացումը խրախուսել են նոր վայրագությունների իրականացմանը:
1988 թ. նոյեմբերին Ադրբեջանում սկսվեց հայկական ջարդերի երկրորդ ալիքը. դրանցից ամենախոշորները տեղի ունեցան Կիրովաբադում, Շամախիում, Շամխորում, Մինգեչաուրում: 1988-1990 թթ. Ադրբեջանում հայ ազգաբնակչության նկատմամբ հալածանքների, բռնությունների, ջարդերի և սպանությունների գագաթնակետը դարձան 1990 թ. հունվարին Բաքվի 250000 հայերի զանգվածային սպանություններն ու վերջնական տեղահանումը:
● Սումգայիթի և Ադրբեջանի այլ հայաշատ քաղաքներում հայերի ջարդերի կազմակերպիչների և ոճրագործություններն իրականացնողների անպատժելիությունն ու հերոսացումը հետագայում հող են նախապատրաստում Ադրբեջանի իշխանությունների կողմից բարձրագույն մակարդակով տարվող հայատյացության պետական քաղաքականության համար։
● Ադրբեջանական կողմի՝ հայերի դեմ վայրագություններն ու զանգվածային ոճրագործությունները կրկնվում են նաև 2020թ․ սեպտեմբերի 27-ին Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում, ինչպես նաև դրան հաջորդող շրջանում։
Շուրջ երեք տասնամյակ անց ևս Լեռնային Ղարաբաղի ժողովրդի արդար պայքարի դեմ Ադրբեջանը որդեգրում է նույն գործելաոճը՝ փորձելով ուժի կիրառմամբ լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն այն տարբերությամբ, որ խաղաղ բնակչության սպանություններն իրականացվում էին ոչ թե վերահսկվող ամբոխի, այլ ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից և ի ցույց էին դրվում համացանցում:
Այսօր, արդեն երկուսուկես ամսից ավել Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող, հումանիտար ճգնաժամին առերեսվող և էթնիկ զտման փորձության առջև կանգնած Լեռնային Ղարաբաղում հրամայական է արցախահայության անվտանգության և իրավունքների երաշխավորումը:
Վերոհիշյալ խնդիրների հասցեագրումը տարածաշրջանում երկարատև կայունության և խաղաղության գրավականներից է:
Այսպիսով, 2020թ․ Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմն ու դրա հումանիտար հետևանքները ևս մեկ անգամ ապացուցում են, որ 1988թ․ փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդական պատգամավորների խորհրդի կայացրած որոշման հիմքում ընկած պատճառները և վտանգները շարունակում են արդիական լինել»։