Ոստիկանի համար ծառայության անցնելու նվազագույն տարիք կսահմանվի

Ոստիկանությունում ծառայության անցնելու նվազագույն տարիք կսահմանվի 18 տարին` հաշվի առնելով ոստիկանությունում ծառայության առանձնահատկությունները:

Ոստիկանությունը Կառավարության հաստատմանն է ներկայացրել «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` հիմնավորելով, որ ներկայումս ՀՀ ոստիկանությունում ծառայության անցնելու համար առավելագույն տարիք է սահմանված 30 տարեկանը, սակայն նախատեսված չէ ծառայության անցնելու նվազագույն տարիքային շեմը:

Նախատեսվում է առանձին մասնագիտություններով ոստիկանությունում ծառայության անցնելու համար տարիքային ավելի բարձր սահմանափակումներ սահմանելու լիազորություն տալ ՀՀ կառավարությանը: Բացի այդ, նախագծով առանձին մասնագիտություններով ոստիկանության միջին խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին հնարավորություն է ընձեռվում համապատասխան մասնագիտության գծով (ոչ ոստիկանական որակավորմամբ) ոստիկանության ավագ և գլխավոր խմբերի պաշտոններում նշանակվելու համար: Գործող օրենքով այդ հնարավորությունը բացառված է, և առանձին մասնագիտություններով ոստիկանությունում ծառայության ընդունվող քաղաքացիները կարող են ծառայել միայն կրտսեր և միջին խմբերի պաշտոններում: Ոստիկանության կարծիքով` ստեղծված իրավիճակում խոչընդոտներ են առաջանում վերջիններիս առաջխաղացման պարագայում:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել