Բայց, ավաղ, երևի թե նեանդերտալների կմախքներն էլ Քոչարյանի ու Սարգսյանի օրինակով մերժեն պատվարժան այրերին․ Վահագն Ալեքսանյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՔՊԿ վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իմացա, որ 2021 թ.-ի ընտրություններում Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին ընտրական դաշինք առաջարկելուց և մերժվելուց հետո ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն այսօր էլ արդեն ՀՀ քաղաքացիների մի ստվար մասի (եթե միտքը ճիշտ եմ հասկացել, մոտ 680 000) «թեթևամիտ» է անվանել։

Ճակատագրի հեգնանք է երևի, որ նույն տեքստում հենց Զուրաբյանը խոսել է ՀՀ ղեկավարների «էվոլյուցիայի» մասին. ըստ տեքստի տրամաբանության՝ «աստվածայինից»՝ «պիտեկանտրոպ»։ Եթե շարժվենք միայն ու հատկապես պարոն Զուրաբյանի տրամաբանությամբ, ապա հաջորդ ընտրություններից առաջ պիտի ՀԱԿ առաջնորդներին դիտարկենք Լոնդոնում՝ Հարավային Կենսինգտոնի Պատմության թանգարանում՝ նեանդերտալների կմախքների առաջ կոալիցիոն պայմանագիր առաջարկելիս։ Բայց, ավաղ, երևի թե նեանդերտալների կմախքներն էլ Քոչարյանի ու Սարգսյանի օրինակով մերժեն պատվարժան այրերին։

Դե իսկ այդ ամենից հետո Հայաստանի 680 000 քաղաքացիներին «թեթևամիտ» անվանելու բնորոշումը պարոն Զուրաբյանը լավագույնն է տվել՝ իր տեքստում մի քանի անգամ օգտագործելով «ողորմելի» բառը՝ յուր հոմանիշներով»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել