Կառավարության որոշմամբ գումար կհատկացվի Արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ փետրվարի 6-ից Թուրքիայում և Սիրիայում գրանցված ուժեղ երկրաշարժի հետևանքով առաջացած ավերածություններով և երկրների կողմից հումանիտար օգնություն խնդրելու փաստով պայմանավորված։ Ըստ այդմ՝ առաջարկվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 157,816.1 հազար դրամ՝ երկրաշարժից տուժած երկրներին սնունդ և անկողնային պարագաներ տրամադրելու նպատակով։
Ինչպես նշել է Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, հումանիտար բեռները երկու անգամ օդային ճանապարհով ուղարկվել են դեպի Սիրիա և երկու անգամ ցամաքային ճանապարհով՝ դեպի Թուրքիա. «Ամբողջությամբ խնդիրը կատարվել է, մնում է գումարի հատկացումը»
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ հայ փրկարարները Սիրիայից վերադարձել են, իսկ այսօր ցամաքային ճանապարհով վերադառնում են նաև Թուրքիա մեկնած հայ փրկարարները: «Տեղյակ եք, որ Արտաքին գործերի նախարարը այց է կատարել Թուրքիա, որը կարծում եմ շատ կարևոր և խորհրդանշական իրադարձություն է»,-ասել է վարչապետը և Արտաքին գործերի նախարարից հետաքրքրվել այցի մանրամասներով:
Արտգործնախարարը նշել է, որ այցի և քննարկումների հիմնական թեման եղել է Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը: «Պետք է փաստեմ՝ թուրքական կողմը և՛ կենտրոնական իշխանությունների մակարդակով, և՛ տեղում, և՛ բնակչության արձագանքների մակարդակով դրական են գնահատել մեր փրկարարների ծառայությունը և հումանիտար օգնության տրամադրումը։ Այն բավականին դրական արձագանքի և երախտիքի է արժանացել: Նաև մեր փրկարարների հետ շփվեցինք, պատմեցին, թե բնակչությունն ինչպես է իրենց վերաբերվել։ Կարծում եմ՝ սա կարևոր մարդասիրական քայլ էր։ Անշուշտ քննարկել ենք նաև երկկողմ հարաբերություններին առնչվող որոշ հարցեր, ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ: Ինչպես թուրք գործընկերը լրատվամիջոցների հետ հաղորդակցման ժամանակ է ասել, ես էլ կարող եմ փաստել, որ որոշում կա արագացնել երկխոսության այս գործընթացը և վերջնական սահմանների բացման նպատակով տեղի ունեցող գործընթացները։
Մեր փրկարարները, ինչպես նշեցիք, կվերադառնան կրկին ցամաքային սահմանով, ինչպես և օգնության երկրորդ խմբաքանակն էր ուղարկվել: Հայտարարվեց, որ մենք Անիի պատմական կամուրջի վերականգնման ուղղությամբ համատեղ աշխատանքներ կիրականացնենք: Ըստ էության, մինչև զբոսաշրջային սեզոնի մեկնարկը նաև կաշխատենք ավարտին հասցնել երրորդ երկրների քաղաքացիների և մեր երկու երկրների դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացման գործընթացը»:
Վարչապետը նշել է, որ Հայաստանի գործողություններն առաջին հերթին և մեծամասամբ զուտ հումանիտար շարժառիթ ունեն և ունեցել են։ «Ես ուզում եմ ընդգծել, որ բացարձակապես անընդունելի եմ համարում այն քննադատությունները, որոնք մեր հասցեին հնչում են, որովհետև չեմ կարող պատկերացնել որևէ իրավիճակ, որ ընդամենը դռնից այն կողմ միլիոնավոր մարդիկ աջակցության կարիք ունեն բնական աղետի պատճառով, և որևէ մեկը կարող է անտարբեր մնալ։ Դա բացարձակապես անընդունելի է որևէ հիմնավորմամբ և որևէ պատճառաբանությամբ:
Մյուս կողմից, իհարկե, դեռ ամանորյա ուղերձում և դրանից առաջ էլ և կառավարության գործունեության ծրագրում՝ մենք ընդգծել ենք տարածաշրջանում մեր հարաբերությունների որակը փոխելու մեր տեսլականը: Ես շատ եմ ցավում, որ նման որոշակի մթնոլորտային փոփոխություն տեղի է ունենում այսպիսի աննախադեպ աղետի պայմաններում, բայց երևի նաև օբյեկտիվորեն մարդկային ողբերգությունը մարդկանց միմյանց համար ավելի հասկանալի է դարձնում: Գուցե դա նաև օբյեկտիվ իրականություն է: Հույս ունեմ, որ սա իսկապես կարող է մի նոր ելակետ դառնալ տարածաշրջանում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման համար»,-ասել է կառավարության ղեկավարը հավելելով՝ Անիի կամրջի վերականգման համար էսքիզային նախագիծը, որը երկար ժամանակ առաջ է պատրաստվել, կարող է խորհրդանշական քայլ դառնալ:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Սիրիայի ուղղությամբ իրականացվող հումանիտար աշխատանքներին. «Պետք է ասեմ, որ Սիրիայի ուղղությամբ մեր աշխատանքները նույնպես շատ կարևոր եմ համարում։ Գիտեք, որ օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներ կային, որոնք Սիրիային հումանիտար օգնությունը պակաս հասանելի էին դարձնում։ Պետք է արձանագրեմ՝ Հայաստանն առաջին երկրներից էր, որը որոշում կայացրեց և հումանիտար օգնություն ուղարկեց Սիրիա։ Մենք պլանավորում ենք նաև Արտաքին գործերի նախարարի այցը Սիրիայի Արաբական Հանրապետություն։ Եթե Սիրիայի մեր գործընկերները դեմ չլինեն, առաջիկայում կկազմակերպենք։ Կարծում եմ նաև, որ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարը պետք է անպայման այց կատարի Սիրիա, որպեսզի մեր զորակցությունը արտահայտվի»: