Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում հույսեր ունի հասնել առաջընթացի։ Այս մասին գրում է РИА Новости-ն։
«Այսօր մենք մեր գործընկեր Միրզոյանի հետ քննարկեցինք հարաբերությունների կարգավորումը շարունակելու համար անհրաժեշտ քայլերը, մենք պայմանավորվեցինք արագացնել դրանք։ Հայ գործընկերը խոսել է նաև Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի մասին։ Եթե երեք երկրները վճռական քայլեր ձեռնարկեն, դա կնպաստի Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը, սա կարևոր է նաև տնտեսական բարգավաճման համար»,- ասել է Չավուշօղլուն Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում։
Նրա խոսքով՝ Հայաստանի և Թուրքիայի սահմանին անցակետերի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, վերանորոգվում են դեպի դրանք տանող ճանապարհներն ու կամուրջները։