Ինչպե՞ս վարվեցին Արևիկի հետ. մանրամասները` հարևանների կատարմամբ

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Արա Մինասյանի և Էլիանորա Մուրադյանի դեմ հարուցված քրեական գործը:

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Արա Մինասյանի մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Նոր-Արեշ 34 փողոց X տան բնակչուհի Արևիկի հարևանը, խաբեությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու դիտավորությամբ զանգահարել է վերջինիս տան հեռախոսահամարին, ներկայացել քաղաքապետարանի աշխատակից, որն իբր զբաղվում է Արևիկի տան օժանդակ շինությունների սեփականաշնորհման դիմումով ու հայտնել, որ սեփականաշնորհման գործընթացը կազմակերպելու համար անհրաժեշտ է վճարումներ կատարել Երևանի քաղաքապետարան և առաջարկել է այդ գումարները փոխանցել իր միջոցով, որի արդյունքում էլ հափշտակել է 5842850 ՀՀ դրամ գումար:

Նույն աղբյուրի հաղորդմամբ, Էլիանորա Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գիտակցելով որ իր տրամադրած տեղեկությունը կեղծ է` 2011թ օգոստոսի 12-ին ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին հանցագործության մասին գրավոր հաղորդում է տվել ու հայտնել, որ 2008թ. սկզբներին Արևիկը իր որդի Արա Մինասյանին իբր ամսեկան 10% տոկոսադրույքով տվել է 5000 ԱՄՆ դոլար գումար:

Գործով երկու մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: Մեղադրյալ Արա Մինասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, ըստ որի`

Խարդախությունը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Գործով մյուս մեղադրյալ Էլիանորա Մուրադյանի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ըստ որի`

Հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է` գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել