Նախազգուշացնող նշանները տեղեկացնում են ճանապարհի այն վտանգավոր տեղամասին մոտենալու մասին, որով երթևեկելիս (տեղաշարժվելիս) անհրաժեշտ է ձեռնարկել իրադրությանը համապատասխան միջոցներ: Դրանք են`
1.1. «Երկաթուղային գծանց` ուղեփակոցով».
1.2. «Երկաթուղային գծանց` առանց ուղեփակոցի».
1.3.1. «Միագիծ երկաթուղի», 1.3.2. «Բազմագիծ երկաթուղի». ուղեփակոցով չկահավորված երկաթուղային գծանցի նշում` 1.3.1` մեկ ուղիով, 1.3.2` երկու և ավելի ուղիներով.
1.4.1.-1.4.6. «Մոտեցում երկաթուղային գծանցին». լրացուցիչ նախազգուշացում բնակավայրերից դուրս երկաթուղային գծանցին մոտենալու մասին.
1.5. «Հատում տրամվայի գծի հետ».
1.6. «Հավասարազոր ճանապարհների հատում».
1.7. «Հատում շրջանաձև երթևեկության հետ».
1.8. «Լուսացուցային կարգավորում». խաչմերուկ, հետիոտնային անցում կամ ճանապարհի տեղամաս, որտեղ երթևեկությունը կարգավորվում է լուսացույցով.
1.9. «Բացվող կամուրջ». բացվող կամուրջ կամ լաստանավային անցում.
1.10. «Ելք դեպի առափ». առափ կամ ափ դուրս գալու տեղ.
1.11.1, 1.11.2. «Վտանգավոր շրջադարձ». փոքր շառավղով կամ սահմանափակ տեսադաշտով ճանապարհի կորացում` 1.11.1` դեպի աջ, 1.11.2` դեպի ձախ.
1.12.1, 1.12.2. «Վտանգավոր շրջադարձեր». վտանգավոր շրջադարձերով ճանապարհի հատված` 1.12.1` առաջին շրջադարձը դեպի աջ, 1.12.2` առաջին շրջադարձը դեպի ձախ.
1.13. «Կտրուկ վայրէջք».
1.14. «Կտրուկ վերելք».
1.15. «Սայթաքուն ճանապարհ». առավել սայթաքուն երթևեկելի մասով ճանապարհի հատված.
1.16. «Անհարթ ճանապարհ». երթևեկելի մասի անհարթություններով ճանապարհի հատված (ալիքավորություն, խանդակներ, կամուրջների հետ ոչ սահուն լծորդումներ և այլն).
1.17. «Արհեստական անհարթություն». արագությունը հարկադրաբար իջեցնելու համար արհեստական անհարթությամբ (անհարթություններով) ճանապարհի հատված.
1.18. «Խճի արտանետում». ճանապարհի հատված, որտեղ տրանսպորտային միջոցների անիվների տակից հնարավոր է խճի, քարակտորների և այլնի արտանետում.
1.19. «Վտանգավոր կողնակ». ճանապարհի հատված, որտեղ կողնակ դուրս գալը վտանգավոր է.
1.20.1. – 1.20.3. «Ճանապարհի նեղացում». 1.20.1` նեղացում երկու կողմից, 1.20.2` աջից, 1.20.3` ձախից.
1.21. «Երկկողմ երթևեկություն». ճանապարհի (երթևեկելի մասի) հանդիպակաց երթևեկությամբ հատվածի սկիզբ.
1.22. «Հետիոտնային անցում». 5.19.1 և 5.19.2` «Հետիոտնային անցում» նշաններով և (կամ) 1.14.1 – 1.14.2 գծանշմամբ նշված հետիոտնային անցում.
1.23. «Երեխաներ». մանկական հիմնարկների (դպրոցներ, մանկապարտեզներ և այլն) մոտով անցնող ճանապարհի հատված, որի երթևեկելի մասում հնարավոր է երեխաների հայտնվելը.
1.24. «Հատում հեծանվային արահետի հետ».
1.25. «Ճանապարհային աշխատանքներ».
1.26. «Անասունների քշում».
1.27. «Վայրի կենդանիներ».
1.28. «Քարերի անկում». ճանապարհի հատված, որտեղ հնարավոր են փլուզումներ, սողանք, քարերի անկում.
1.29. «Կողային քամի».
1.30. «Ցածրաթռիչք ինքնաթիռներ».
1.31. «Թունել». թունել, որտեղ բացակայում է արհեստական լուսավորությունը, կամ թունել, որի ճակատամուտքի տեսանելիությունը սահմանափակ է.
1.32. «Խցանում». ճանապարհի հատված, որտեղ առաջացել է խցանում.
1.33. «Այլ վտանգներ». ճանապարհի հատված, որտեղ առկա են թվարկված նախազգուշացնող նշաններով չնախատեսված վտանգներ.
1.34.1, 1.34.2. «Շրջադարձի ուղղություն». սահմանափակ տեսանելիությամբ ճանապարհի փոքր շառավղով կորացման վրա երթևեկության ուղղություն. ճանապարհի նորոգվող հատվածի շրջանցման ուղղություն.
1.34.3. «Շրջադարձի ուղղություն». T-աձև խաչմերուկում կամ ճանապարհի ճյուղավորման վրա երթևեկության ուղղություններ. ճանապարհի նորոգվող հատվածի շրջանցման ուղղություններ.
1.1, 1.2 և 1.5-1.33. նշանները տեղադրվում են մինչև վտանգավոր հատվածի սկիզբը` բնակավայրերից դուրս` 150-300 մ, իսկ բնակավայրերում` 50-100 մ հեռավորության վրա: Անհրաժեշտության դեպքում նշանները կարող են տեղադրվել և այլ հեռավորության վրա: Այդ դեպքում հեռավորությունը նշվում է 8.1.1` «Հեռավորությունը մինչև օբյեկտ» ցուցանակի վրա:
1.1, 1.2, 1.9, 1.10, 1.23 և 1.25 նշանները բնակավայրերից դուրս կրկնվում են: Կրկնվող երկրորդ նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից 50 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա: 1.23 և 1.25 նշանները կրկնվում են նաև բնակավայրերում` վտանգավոր տեղամասից անմիջապես առաջ:
1.13 և 1.14 նշանները կարող են տեղադրվել առանց 8.1.1` «Հեռավորությունը մինչև օբյեկտ» ցուցանակի, անմիջապես վայրէջքից կամ վերելքից առաջ, եթե վայրէջքները և վերելքները միմյանց հաջորդում են:
1.25 նշանը, երթևեկելի մասի վրա կարճատև աշխատանքներ կատարելիս, կարող է տեղադրվել առանց 8.1.1` «Հեռավորությունը մինչև օբյեկտ» ցուցանակի, աշխատանքի կատարման վայրից 10-15 մ հեռավորության վրա:
1.32 նշանը կիրառվում է որպես ժամանակավոր նշան կամ փոփոխական պատկերով նշանների վրա` խաչմերուկից առաջ, որտեղից հնարավոր է շրջանցել ճանապարհի այն հատվածը, որտեղ առաջացել է խցանում:
1.35 նշանը կիրառվում է որպես ժամանակավոր:
Նախազգուշացնող նշանների լուսանկարներին կարող եք ծանոթանալ այստեղ