Իրավաբանական անձի լուծարման կարգը

Լուծարման հանձնաժողովն https://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հայտարարություն է զետեղում նրա լուծարման և պարտատերերի պահանջների ներկայացման կարգի ու ժամկետի մասին: Այդ ժամկետը չի կարող պակաս լինել երկու ամսից` սկսած լուծարման մասին հրապարակման պահից:

Լուծարման հանձնաժողովը միջոցներ է ձեռնարկում պարտատերերին հայտնաբերելու և դեբիտորական պարտքն ստանալու ուղղությամբ, ինչպես նաև պարտատերերին տեղեկացնում է իրավաբանական անձի լուծարման մասին:

Պարտատերերի կողմից պահանջների ներկայացման ժամկետի ավարտից հետո լուծարման հանձնաժողովը կազմում է լուծարման միջանկյալ հաշվեկշիռ, որը տեղեկություններ է պարունակում լուծարվող իրավաբանական անձի գույքի կազմի, պարտատերերի ներկայացրած պահանջների ցանկի, ինչպես նաև պահանջների քննարկման արդյունքների մասին:

Լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատում են լուծարման մասին որոշում ընդունած իրավաբանական անձի հիմնադիրները (մասնակիցները) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմինը:

Եթե լուծարվող իրավաբանական անձի ունեցած դրամական միջոցներն անբավարար են պարտատերերի պահանջները բավարարելու համար, լուծարման հանձնաժողովը հրապարակային սակարկություններով վաճառում է իրավաբանական անձի գույքը` հրապարակային սակարկությունների մասին օրենքով սահմանված կարգով:

Լուծարման հանձնաժողովը լուծարվող իրավաբանական անձի պարտատերերին գումարներ է վճարում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 70 հոդվածով սահմանված հերթականությամբ` լուծարման միջանկյալ հաշվեկշռին համապատասխան` սկսած դրա հաստատման օրվանից:

Պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո լուծարման հանձնաժողովը կազմում է լուծարման հաշվեկշիռ, որը հաստատում են իրավաբանական անձի լուծարման մասին որոշում ընդունած իրավաբանական անձի հիմնադիրները (մասնակիցները) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմինը:

Հաստատված լուծարման հաշվեկշիռը լուծարման հանձնաժողովը ներկայացնում է իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմին:

Պարտատերերի պահանջները բավարարելուց հետո իրավաբանական անձի մնացած գույքը հանձնվում է նրա հիմնադիրներին (մասնակիցներին), եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ:

Իրավաբանական անձը համարվում է լուծարված, իսկ նրա գոյությունը` դադարած, պետական գրանցման պահից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել