Եթե Դուք գտել եք մոլորյալ կենդանի կամ Ռևազի ոչխար մորթելու պատմությունը

Լեռնային գյուղի չորս հովիվներ իրենց հոտին միացած համագյուղացի Ռևազի ոչխարը մորթում են եւ ընկերովի ուտում: Այս միջադեպի կապակցությամբ քրեական գործ է հարուցվում:

«Մենք ենք մեր սարերը» հանրահայտ ֆիլմի սյուժեն յուրաքանչյուրիս մոտ ժպիտ է առաջացնում: Ֆիլմը դիտելիս մտածում ենք` մի ոչխարի համար արժե՞ր այսքան աղմուկ բարձրացնել:

Ուսումնասիրելով ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը, մասնավորապես` 183-րդ հոդվածը, պարզվում է, որ արժեր:

Նշված հոդվածը վերաբերում է առանց հսկողության թողնված կենդանիներին, ավելի ճիշտ, այդ կենդանիներին գտնողներին:

«Առանց հսկողության թողնված կամ մոլորյալ անասուն կամ հսկողությունից դուրս թողնված այլ կենդանիներ գտած և (կամ) պահող անձը պարտավոր է դրանք վերադարձնել սեփականատիրոջը»,-Իրավաբան.net-ին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը:

Վերջինիս խոսքով` եթե կենդանիների սեփականատերը կամ նրա գտնվելու վայրն անհայտ է, կենդանիներին գտնող անձը հայտնաբերված կենդանիների մասին երեք օրվա ընթացքում պարտավոր է հայտնել ոստիկանություն կամ տեղական ինքնակառավարման մարմին, որը պետք է միջոցներ ձեռնարկի սեփականատիրոջը գտնելու համար:

Կենդանիների սեփականատիրոջը որոնելու ընթացքում դրանք պահող անձը կենդանիներին կարող է թողնել իր մոտ ու օգտվել դրանցից կամ դրանք հանձնել մեկ այլ անձի պահպանմանը և օգտագործմանը:

Առանց հսկողության թողնված կենդանիներ պահող անձի խնդրանքով` ոստիկանությունը կամ տեղական ինքնակառավարման մարմինը գտնում է դրանք պահպանելու համար անհրաժեշտ պայմաններ ունեցող անձ և նրան է հանձնում կենդանիները:

Առանց հսկողության թողնված կենդանիներ պահող անձը և այն անձը, ում դրանք տրվել են պահելու ու օգտագործելու համար, պարտավոր են դրանք պատշաճ պահպանել և դրանց արժեքի սահմաններում պատասխանատու են կենդանիների կորստի ու վնասվածքի համար` մեղքի առկայության դեպքում:

Առանց հսկողության թողնված կենդանիներին սեփականատիրոջը վերադարձնելու դեպքում կենդանիներին պահած անձն իրավունք ունի սեփականատիրոջից պահանջել հատուցելու պահպանման հետ կապված անհրաժեշտ ծախսերը` հաշվանցելով կենդանիների օգտագործումից ստացած օգուտները:

«Կենդանիներին գտած անձն իրավունք ունի այն ստանալու իրավազորություն ունեցող անձից գույքի արժեքի մինչև քսան տոկոսի չափով վարձատրություն պահանջել գտանքի համար»,- հայտնում է իրավաբանը:

Այն դեպքում, երբ գտնված գույքի վերադարձի պահանջի համար իրավազոր անձը հրապարակայնորեն պարգև է խոստացել, այն վճարվում է խոստացած պարգևի պայմաններով:

Կենդանին գտնողը, մինչև իրեն վարձատրելը, իրավունք ունի պահել գտած կենդանին:
Վարձատրության իրավունքը չի ծագում, եթե գտնողը չի հայտնել գտանքի մասին կամ փորձել է թաքցնել այն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել