«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից բացահայտվել է բջջային հեռախոսների ներնետման դեպքը

Փետրվարի 3-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները ստացել են օպերատիվ տվյալներ այն մասին, որ երկարատև տեսակցության եկած դատապարտյալ Ա․ Ն․-ին ներնետման ճանապարհով փոխանցվելու են արգելված իրերով 2 փաթեթ։

Ստացված տեղեկությունը ստուգելու նպատակով ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, ըստ որոնց՝ ծառայողները միտումնավոր հեռացել են տեսադաշտից՝ հսկողության տակ պահելով դատապարտյալ Ա․ Ն․-ին։ Վերջինս որոշ ժամանակ անց ստուգելով և համոզված լինելով, որ ծառայողները տարածքում չեն, փորձել է ներս բերել պատուհանի տակ ներնետված փաթեթը երկարատև տեսակցության սենյակի ճաղապատ պատուհանի ապակին հանելու միջոցով և նույն պատուհանի շրջանակից ինքնաշեն պատրաստված երկար ձողի օգնությամբ։

Փաթեթը դատապարտյալի կողմից ներս տանելուց անմիջապես հետո դարանակալած ծառայողները մտել են երկարատև տեսակցության սենյակ և առգրավել ձողին ամրացված փաթեթը։ Այնուհետև իրականացրել են սենյակի և տեղանքի զննություն, ինչի արդյունքում սենյակից հայտնաբերել են 1 բջջային հեռախոս, իսկ պատուհանի հարակից տարածքից՝ երկրորդ փաթեթը։

Դատապարտյալի մոտից առգրավված փաթեթում առկա է եղել սպունգով փաթաթված 3 բջջային հեռախոս, իսկ տեղանքից հայտնաբերված փաթեթում՝ 2 բջջային հեռախոս և 2 լիցքավորման լար։

Հայտնաբերվածների առնչությամբ դատապարտյալ Ա․ Ն․ խոստովանել է, որ արգելված իրերը պատկանում են իրեն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել