Կստեղծվեն պայմաններ, որպեսզի աշխատողն օգտվի հանգստի իրավունքից, այսինքն արձակուրդ գնա․ ԱՍՀՆ

Շարունակելով Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների մասին իրազեկումների շարքը՝ ԱՍՀ նախարարությունը պատասխանում է այս թեմայով հաճախ տրվող հարցերին։

Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

«Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների շրջանակում՝ ինչպե՞ս է նախատեսվում կարգավորել աշխատողների հանգստի, արձակուրդի իրավունքի իրացմանը վերաբերող խնդիրները։

Չնայած նրան, որ գործող կարգավորումների համաձայն աշխատողները պետք է օգտվեն իրենց ամենամյա արձակուրդի իրավունքից 18 ամսվա ընթացքում` սկսած այն աշխատանքային տարվա վերջից, որի համար աշխատողին չի հատկացվել արձակուրդը, այնուամենայնիվ, լինում են դեպքեր, երբ աշխատողն այդ ժամկետում չի օգտվում արձակուրդի իրավունքից։

Նախագծի ընդունման պարագայում հնարավորինս կստեղծվեն պայմաններ, որպեսզի աշխատողն օգտվի հանգստի իրավունքից, այսինքն արձակուրդ գնա։

Մասնավորապես, նախատեսվում է այն դեպքում, երբ աշխատողը խուսափի կամ հրաժարվի իրեն հասանելիք ամենամյա արձակուրդի կամ դրա մի մասի տրամադրումից՝ չներկայացնելով ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին դիմում, ապա գործատուն արձակուրդ կտրամադրի առանց աշխատողի դիմումի։

Միաժամանակ առաջարկվում է գործատուի կողմից աշխատողին տուժանք (ժամկետից հետո կետանցված յուրաքանչյուր օրվա համար՝ աշխատողի միջին ամսական աշխատավարձի 0,15%-ի չափով, բայց ոչ ավելի քան միջին ամսական աշխատավարձը) վճարելու պահանջ այն դեպքերի համար, երբ գործատուն աշխատողին շուրջ երկուսուկես տարի չտրամադրի արձակուրդ»,-ասվում է ԱՍՀՆ հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել