Որո՞նք են ձվերի և ձվամթերքի անվտանգությանը ներկայացվող պահանջները

Բոլոր այն հավանական ռիսկային գործոնները, որոնց արդյունքում ձուն և ձվային մթերքները կարող են ունենալ բացասական ազդեցություն` մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա բաժանվում են հետևյալ խմբերի`

1) մանրէաբանական ցուցանիշները.
2) թունավոր տարրերը, պեստիցիդները, ռադիոնուկլիդները և վերջիններիս մնացորդները.
3) թռչնաբուծության մեջ օգտագործվող անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային քանակները.
4) արտադրանքի վերամշակման միջոցները՝ քիմիական նյութերով, իոնացնող և ուլտրամանուշակագույն ճառագայթներով.
5) արգելված սննդային հավելումների, բուրավետ նյութերի, օժանդակող տեխնոլոգիական միջոցների, ինչպես նաև գենային ինժեներիայի արտադրանքի առկայությունը.
6) օտար ներառումներ և խառնուրդներ:

Ձվերը պետք է ստացվեն գյուղատնտեսական կենդանիների ու թռչունների վարակիչ հիվանդություններից զերծ տնտեսություններից: Ձվերի արտադրության համար բուծվող թռչունները պետք է ենթարկվեն անասնաբուժական զննման: Չեն թույլատրվում իրացման այն թռչուններից ստացված ձվերը, որոնց նկատմամբ բուժիչ կամ կանխարգելիչ նպատակով կիրառվել են անասնաբուժական դեղամիջոցներ` մինչև դրանց թռչնի օրգանիզմից հեռացման ժամկետի ավարտը, ինչպես նաև բուծման ընթացքում օգտագործվել են արգելված անասնաբուժական դեղամիջոցներ:

Ձվերի կճեպը պետք է լինի մաքուր, առանց վնասվածքների, արյան ու թռչնի արտազատուկի հետքերի և բծերի: Աղտոտված կճեպով ձվերը ենթակա են թռչնաբուծարանում լվացման` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամաններով թույլատրված սինթետիկ լվացող միջոցներով: Լվացված ձվերը պետք է տեսակավորվեն առանձին:

Ձվերը չպետք է ունենան անորակության ու փչացման հստակ արտահայտված նշաններ: Արգելվում է ձվի և ձվամթերքի մշակումը քիմիական նյութերով, իոնացնող և ուլտրամանուշակագույն ճառագայթներով:

Տեխնոլոգիական գործընթացի բոլոր փուլերում ձվամթերքը պետք է պաշտպանված լինի բոլոր տեսակի կողմնակի նյութերի և խառնուկների ներթափանցումից: Պատրաստի արտադրանքում չեն թույլատրվում կողմնակի ներխառնուկներ (ապակի, մետաղ, կճեպի մասնիկներ), արյան հետքեր, ինչպես նաև ձվերի ու սարքավորումների մշակման տեխնոլոգիական միջոցների մնացորդային քանակություններ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել