Իրացվո՞ւմ է կենդանիների մսեղիքի ու կենդանիների սպանդից գոյացած մթերքը

Բոլոր տեսակի գյուղատնտեսական կենդանիները և թռչուններն իրացման նպատակով սպանդից առաջ ենթակա են անասնաբուժական զննման, իսկ միսն ու սպանդից գոյացած մյուս մթերքները՝ անասնաբուժասանիտարական փորձաքննության:

Անասնաբուժասանիտարական փորձաքննության չենթարկված կենդանիների սպանդից գոյացած մթերքների իրացումն արգելվում է:

Իրացման կամ վերամշակման համար միսը և սպանդից գոյացած մյուս մթերքները պետք է պարտադիր ուղեկցվեն համապատասխան անասնաբուժական վկայականով, իսկ մարզի տարածքում՝ անասնաբուժական տեղեկանքով:

Կենդանիների սպանդից գոյացած մթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննությունը և կենդանիների նախասպանդային զննումը կատարում են անասնաբուժական գործունեություն իրականացնող` լիցենզավորված ֆիզիկական և իրավաբանական անձինք: Կենդանիների սպանդից գոյացած մթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացումից հետո տրվում է եզրակացություն (N 3 ձև) արտադրանքի հետագա օգտագործման վերաբերյալ:

Անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման ապահովման պատասխանատվությունը կրում են կենդանիների սպանդից գոյացած մթերք արտադրող, վերամշակող, իրացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք:

Անասնաբուժասանիտարական փորձաքննության ենթակա են`

ա) սպանդի ենթակա բոլոր տեսակի ընտանի կենդանիների, ինչպես նաև վայրի, որսորդությամբ ձեռք բերված միսը` պաղեցված, սառեցված կամ աղ դրված.

բ) կենդանիների սպանդից գոյացած մթերքը` կենդանիների ներքին օրգանները (թոքեր, սիրտ, լյարդ, փայծաղ, երիկամներ), ինչպես նաև գլուխը, ոտքերը, պոչը, որոնք բերվել են մսեղիքի հետ միասին.

գ) ընտանի և վայրի կենդանիների ճարպը (ճարպ-հումք, հալած ճարպ).

դ) արտերկրից Հայաստանի Հանրապետություն ներմուծված կենդանիների սպանդից գոյացած մթերքը:

Արգելվում է ընդունել և իրացնել նախօրոք կտրատված միսը և տնային պայմաններում պատրաստված կիսապատրաստվածքները:

Իրացման և վերամշակման համար բերված միասմբակավոր կենդանիների մսի ուղեկցող անասնաբուժական փաստաթղթերում պետք է արտացոլվեն մորթելուց առնվազն 3 օր առաջ կատարված մալեինիզացիայի արդյունքները: Այդ արդյունքների բացակայության դեպքում` կենդանու սպանդից գոյացած մթերքը ենթակա չէ օգտահանման կամ ոչնչացման:

Սպանդից գոյացած մթերքում վարակիչ հիվանդությունների հարուցիչների հայտնաբերման դեպքում մսեղիքն ու ներքին օրգաններն օգտագործվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կարգով:

Սննդի համար պիտանի ճանաչված միսը դրոշմվում է սահմանված ձևի դրոշմով` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կարգով:

Սննդի համար ոչ պիտանի միսը և մսամթերքը ենթակա են վարակազերծման և ոչնչացման:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել