Սոցիալական տարբեր ծրագրերով ուսանողական զեղչերի համար կծախսվի շուրջ 950 մլն դրամ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, արձագանքելով Հանրային խորհրդի երիտասարդության հարցերով հանձնաժողովի կողմից բուհերում ուսման վարձավճարների բարձրացման վերաբերյալ հրապարակած բաց նամակին, այսօր հանդիպում է ունեցել նրանց հետ: Շնորհակալություն հայտնելով երիտասարդներին՝ նախաձեռնողականության և հանրային ակտիվության համար՝ նախարար Ա. Աշոտյանը նշել է, որ ԿԳՆ ակտիվ հանդիպումներ է ունեցել երիտասարդական տարբեր խմբերի հետ և պատրաստ է այսուհետ ևս լսել բոլոր առաջարկներն ու քննարկել խնդիրները:

Հանրային խորհրդի երիտասարդական հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են իրենց դիտարկումները, նշելով, որ իրենք ունեն իրենց առաջարկները: Ըստ երիտասարդների՝ լավագույն լուծումներից մեկը կարող է պետության կողմից բուհերի ֆինանսավորման ավելացումը լինել: ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ կառավարության միջնաժամկետ ծախսային ծրագրով ավելացվելու է բուհերի պետական ֆինանսավորումը: 2014 թ. ավելանալու է նաև բուհերում պետական պատվերով նախատեսված տեղերը՝ պետության համար գերակա նշանակության մասնագիտությունների համար. «Պետությունն այսօր էլ ֆինանսավորում է բուհերին, հատկացնելով պետական պատվեր, սակայն ողջ պահանջարկն իր վրա վերցնել պետությունը չի կարող: Ազատ շուկայական հարաբերությունների անցնելուց հետո բարձրագույն կրթությունը իրավացիորեն դիտվում է ծառայություն, այլ ճանապարհ չկա և ոչ մի երկրում: Կրթավճարների բարձրացումը համաեվրոպական միտում է: Վերջին երկու տարվա ընթացքում վարձավճարները բարձրացվել են մի շարք երկրներում՝ Իտալիայում, Գերմանիայում, Կանադայում, Նիդերլանդներում: Որևէ երկրում ուսանողությունը հեշտությամբ չի ընդունել նման որոշումը»,-նշել է նախարարը: Ա. Աշոտյանի խոսքով կրթության ոլորտում այլընտրանքային ֆինանսավորման կարիք կա, որը, ինչպես ողջ աշխարհում, Հայաստանում նույնպես կարող է լրացվել միայն հանրային և գործարար հատվածի ներգրավման միջոցով: Այսօր բարձրագույն կրթության ոլորտում մասնավոր ներդրումների ծավալն ընդամենը 1 տոկոս է կազմում, ինչը խիստ ցածր ցուցանիշ է: Նախարարը տեղեկացրել է, որ նախօրեին ՀՀ կառավարությունն հաստատել է <<Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին>> օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը, որտեղ հստակեցվել են ուսանողների համար բուհերի կողմից նախատեսված ուսման վարձի զեղչերի չափերը՝ սոցիալական առանջին խմբերի համար: Բուհը պարտավոր է վճարովի համակարգում սովորող ուսանողական համակազմի առնվազն տասը տոկոսին` ուսանողների վարձավճարներից գոյացած բյուջեի առնվազն յոթ տոկոսի չափով զեղչեր հատկացնել: Անդրադառնալով այն հարցադրմանը, որ պետական պատվերով տեղերը և պետության առաջարկած սոցիալական փաթեթն ընդամենը ուսանողության 10-20 տոկոսի համար է, նախարարը նշել է. «Մենք վերջին տարիներին, հաշվի առնելով հանրային պահանջարկը շարունակաբար ավելացրել ենք պետական բուհերի ընդունելությոն տեղերը՝ հիմնականում վճարովի համակարգի հաշվին: Խնդիրը կարող է լուծվել, եթե պետությունն ուղղակի կրճատի ընդունելության համար հատկացված տեղերը և տվյալ համամասնության պարագայում սոցիալական աջակցության ծավալն ավելի նկատելի կլինի: Բայց արդյո՞ք նման լուծումը բխում է ուսանողության շահերից: Մեր քաղաքականությունը միտված է եղել, որ բուհ ընդունվելը լինի դյուրին և անհամեմատ դժվար լինի ավարտելը: Պետությունը գնացել է այդ քայլին և այսօր էլ պատրաստ է աջակցել այն ուսանողին, ով լավ է սովորում, ունի բարձր առաջադիմություն»,- նշել է Ա. Աշոտյանը: Նախարարը ներկայացրել է նաև որոշակի հաշվարկներ՝ վարձավճարների բարձրացման արդյունքում բուհերը կունեննան մոտ 430 մլն դրամի հավելյալ հավաքագրում: Մինչդեռ պետության կողմից վարվող քաղաքականության արդյունքում, ինչպես վստահացրել է Ա. Աշոտյանը, սոցիալական տարբեր ծրագրերով ուսանողական զեղչերի համար կծախսվի շուրջ 950 մլն դրամ: Բուհական կրթության մատչելիության խնդիրը, ըստ նախարարի, ակնառու էր նաև անցյալում՝ մինչ վարձավճարների բարձրացումը:

Արմեն Աշոտյանը նաև նշել է, որ ուսման վարձավճարները մասնավոր բուհերում մի քանի անգամ ավելի էժան են, քան համապատասխան մասնագիտությամբ պետական բուհերում: «Այսքանով հանդերձ, մասնավոր բուհերն այս տարի շուրջ 100 ուսանող են ընդունել: Իսկ պետական բուհերում պետպատվերով և տարկետման իրավունքով թափուր 100 տեղ կա : Սա նշանակում է, որ կրթական պահանջարկի ու առաջարկի բաշխումը անհամաչափ է: Մենք 20 տոկոսով ավելացնելու ենք պետական պատվերը, սակայն միայն պետության համար առաջնահերթություն ունեցող մասնագիտությունների համար» ,- նշել է նախարարը:

Դիմելով երիտասարդներին՝ Ա. Աշոտյանը կոչ է արել նրանց նույնքան պահանաջատեր լինել նաև բուհերում կոռուպցիայի դեմ պայքարի, կրթության որակի բարձրացման և բուհերի բյուջեների թափանցիկության ապահովման հարցերում:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել