Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Նշվում է, որ հաշվի առնելով հանրային պաշտպանի գրասենյակին պետական բյուջեից միջոցներ հատկացնելու ներկայում գործող մեխանիզմը՝ վերը նկարագրված խնդիրները լուծելու, այսինքն՝ հանրային պաշտպաններին պետական մարմինների աշխատակիցներին համարժեք սոցիալական երաշխիքներով ապահովելու համար նախագծով առաջարկվում է օրենսդրական կարգավորմամբ հանրային պաշտպանի գրասենյակին աշխատավարձի ֆոնդի 20 տոկոսի չափով հատկացնել գումար լրացուցիչ աշխատավարձի համար, որից կվճարվեն ինչպես հավելավճարները, հավելումները, ներառյալ՝ արտաժամյա աշխատանքի վարձրատրությունը, այնպես էլ՝ պարգևատրումները:
«Նշված փոփոխությունները գործնականում իրականացնելու համար հանրային պաշտպանի գրասենյակին պետական միջոցներից անհրաժեշտ է տրամադրել հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի և հանրային պաշտպանների պաշտոնային դրույքաչափերի առնվազն 20 տոկոսի չափով հավելյալ միջոցներ:
Նախագծի ընդունմամբ արդյունքում պետական բյուջեում «1097 Դատական և հանրային պաշտպանություն» ծրագրի «11001․ Հանրային պաշտպանության ծառայություններ» միջոցառման գծով կառաջանա տարեկան լրացուցիչ 93 մլն 774 հազար 720 դրամի հատկացման անհրաժեշտություն: 2023 թվականի մնացած ժամանակահատվածի համար պահանջվող գումարը նախատեսվում է հատկացնել Կառավարության պահուստային ֆոնդի միջոցներից»,-նշվում է հիմնավորման մեջ: