Կառավարությունը փետրվարի 2-ի նիստի ժամանակ կհաստատի առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը։
Նշվում է, որ առողջության համապարփակ ապահովագրության (ԱՀԱ) ներդրման հիմնական արդյունքը հիվանդացության և մահացության ցուցանիշների բարելավումն է, կյանքի միջին տևողության ավելացումը, առողջական խնդիրների հետևանքով հաշմանդամություն ունեցող անձանց թվաքանակի նվազումը, ինչը կնպաստի մարդկային կապիտալի կայուն զարգացմանը և տնտեսության աճին:
Ըստ այդ հայեցակարգի՝ 2024թ.-ից Հայաստանում ներդրվելու է առողջապահության համապարփակ ապահովագրություն, և աշխատող քաղաքացիներն իրենց եկամտից ամսական գումար են հատկացնելու պետությանը՝ Հայաստանի բոլոր բնակիչների առողջությունն ապահովագրելու համար։
Իսկ եթե մարդ եկամուտ չունի, կամ միջինից ցածր է, բուժծառայությունը կֆինանսավորվի պետբյուջեից. «Պետության համաֆինանսավորման չափը կորոշվի հաշվի առնելով շահառուների եկամուտները և վարքագիծը»:
Վճարի չափը կախված է լինելու փաթեթում ներառված ծառայությունների ցանկից. եթե դրանք ավելանան, գումարը կավելանա և հակառակը։
Մոտ մեկ տարի առաջ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը հայտարարել է, որ նախագծով՝ աշխատավարձի 6 տոկոսն է պահվելու. 3-ը գործատուն կվճարի, 3 -ը՝ աշխատողը։ Սակայն այս նախագծում որևէ հստակ թիվ նշված չէ։
«ԱՀԱ ներդրման սկզբում՝ 1-2 տարիների ընթացքում հնարավոր է ծառայությունների ծավալների աճ, որոնք պայմանավորված են նախկինում որոշակի առողջական խնդիրներ ունեցող, սակայն բժշկի չդիմած շահառուների դիմելիության աճով: Այդ ռիսկերը, որոնք տնային տնտեսությունների հետազոտությունների 2019 թվականի ամփոփ արդյունքների համաձայն կազմում են հարցվածների 71.7%-ը, պայմանավորված են ԱԱՊ ծառայություններից օգտվելու համար չդիմելու հիմնական պատճառներով՝ ինքնաբուժմամբ զբաղվելով (59,1%) և ֆինանսական խոչընդոտներով (12,6%):
Հետևաբար, ապահովագրավճարների հաշվարկման դեպքում պետք է հաշվի առնել դիմելիության աճի հնարավոր ռիսկը»,-նշվում է նախագծում։