Օգոստոսի 25-ին շտապօգնության ենթակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժնում ստացված ահազանգով Նոր Նորքի 8-րդ զանգված մեկնած օպերատիվ խումբը բնակարաններից մեկում հայտնաբերել էր 1949 թ. ծնված Գոհար Չիլինգարյանի դիակը՝ սալջարդերի և քերծվածքների հետքերով:
Հաջորդ օրը երեկոյան, սպանություն կատարելու կասկածանքով, ձերբակալվել է Գ. Չիլինգարյանի որդին` 1969 թ. ծնված Արմեն Չիլինգարյանը:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ օգոստոսի 25-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Գոհար Չիլինգարյանին ծեծի ենթարկելով սպանել է որդին` Ա. Չիլինգարյանը:
Ինչպես տեղեկացնում են ոստիկանության լրատվության բաժնից, Արմեն Չիլինգարյանը կալանավորված է: ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: