Այս իրավիճակում այլ հակազդելու միջոց չէի տեսնում քան հրաժարական տալս․ Կարեն Քեռյանը նոր մանրամասներ է հայտնում

ԲՈԿ նախկին նախագահ Կարեն Քեռյանը ավելի մանրամասն ներկայացրել է իր հրաժարականի պատճառները։ Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ նշվում է․

«Հրաժարականիս պատճառների և նախագծով ենթադրվող նոր Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի մասով մտահոգություններս:

Մտահոգություններս նոր կոմիտեի մասով:

Նախագծով ենթադրվում էր, որ այս կոմիտեն կատարելու է Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ), Գիտության կոմիտեի (ԳԿ) ու Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության բոլոր գործառույթները:  Դրա հետևանքով

1. Հակակշիռներ են վերանում.

Այս պահին  բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում առկա է 3 բարձրաստիճան պաշտոնյայի հաստիք՝ 1 փոխնախարար և 2 կոմիտեների նախագահներ, որոնք կարող են միմյանց հետ քննարկել իրենց կողմից նախագծված փոփոխությունները և հակակշիռ հանդիսանալ խնդրահարույց փոփոխությունների դեպքում, ինչը և տեղի է ունեցել գոնե նախորդ 2 տարվա ընթացքում: Եթե կոմիտեն ստեղծվի, արդեն կլինի միայն 1 նման պաշտոնյա 3-ի փոխարեն, և միմյանց հակակշռելը այս մակարդակում կվերանա:

2.  Օրակարգ ստեղծողների և փոփոխություն բերողների թիվն է նվազում, քանի որ հիմնականում դա անողները հենց այդ բարձրաստիճան պաշտոնյաներն են:

3. ԲՈԿ-ի և ԳԿ-ի նպատակները միմյանց հակառակ են. ԲՈԿ-ը «ոստիկանական» կառույց է, և նպատակներից է որակի վերահսկում իրականացնելը, ԳԿ-ն ամենևին «ոստիկականական» կառույց չէ, նպատակներից է գիտական ներուժի զարգացումը:

4.Եվ վերջապես տասնյակ երկրներում կան Բարձրագույն կրթության և գիտության նախարարություններ, իսկ նախագծով նախատեսվում է ունենալ նախարարությունից մի մակարդակ ներքև գտնվող կառույց՝ նախարարության ներքո գործող կոմիտե, ինչը նվազեցնում է  հնարավորությունները թե անկախության, թե մասնագիտական և թե ֆինանսական տեսանկյունից:

Հրաժարականիս մասով.

1. Ես տեղեկացել եմ նախագծի մասին անցած երկուշաբթի նախարարի մոտ տեղի ունեցած քննարկման ժամանակ, երբ նախագիծն արդեն պատրաստ էր:

2. Վերը նշված մտահոգությունները քննարկման ընթացքում ներկայացրեցի նախարարին, որոնք չէին ընդունվել:

3. Նախարարն ասաց, որ նախորդ շաբաթվա վերջ այս նախագիծը պետք է ուղարկվի Արդարադատության նախարարություն (փաստացի առանց հանրային քննարկման):

Երբ հնարավոր է եղել հակազդել, դա արել եմ ՝ այդ թվում ԲՈԿ-ի հետագա ճակատագրի մասով, այս իրավիճակում այլ հակազդելու միջոց չէի տեսնում քան հրաժարական տալս: Հավանաբար այս նախագիծը Արդարադատության նախարարություն դեռ չի ուղարկվել:

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ում հետ աշխատեցի այս 2 տարին, և վարչապետին՝ ինձ՝ նման պատասխանատու պաշտոնը վստահելու համար, ում ևս այս ամբողջը արդեն ներկայացրել եմ»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել