Արտադպրոցական կրթության ոլորտում կներդրվի մասնագիտական զարգացման եւ վարձատրության փոխադարձ մեխանիզմ, այնպիսին, ինչպիսին առկա է հանրակրթության ոլորտում: Այս մասին տեղեկացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը` ներկայացնելով Կառավարության հեղինակած ««Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը քննարկվել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 31-ի նիստում:
Նախարարի խոսքով փոփոխությունը բխում է կրթության զարգացման մինչեւ 2030 թվականի պետական ծրագրի դրույթներից, որն արդեն իսկ գործող օրենք է: Օրենքի նախագծով կարգավորվում են նաեւ որոշ հրատապ հարցեր, որոնք թույլ կտան ոլորտում ներդնել կամավոր ատեստավորման մեխանիզմը: Մասնավորապես, հնարավորություն է տրվում հաստատելու ատեստավորման կարգը, արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը եւ դրանց նկարագիրը, ինչպես նաեւ ծրագրերի ֆինանսավորման սկզբունքներն ու մեթոդաբանությունը: Ժաննա Անդրեասյանը նշել է, որ վերոնշյալ նախագծով կանոնակարգվելու է նաեւ ուսումնական պլանների հաստատման գործընթացը, որն ամբողջական հնարավորություն է ստեղծելու, որպեսզի ոլորտում իրականացվի բարեփոխումների գործընթացը: Արտադպրոցական հաստատությունների մանկավարժները կկարողանան մասնակցել ատեստավորման, որի արդյունքում կունենան վարձատրության բարձրացում: Ըստ նրա` հավելավճարները կլինեն ֆիքսված գումարի չափով` 60 հազար դրամից մինչեւ 100 հազար դրամ:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հարակից զեկուցմամբ նշել է, որ սա, ըստ էության, փորձնական ծրագիր է, որի ներդրմամբ հնարավորություն կտրվի արտադպրոցական հաստատության 2200 մանկավարժի ստանալ հավելավճար` 5 տարի ժամկետով:
Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն: Առաջարկվել է հարցը քննարկել 24-ժամյա ընթացակարգով, ինչն ընդունվել է հանձնաժողովի կողմից:
Հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել նաեւ ««Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ռազմական խաղերը նույնպես ներառել պարգեւատրվող մարզաձեւերի եւ միջոցառումների ցանկում, քանի որ բանակային խաղերն իրենց մասշտաբով զիջում են միայն Օլիմպիական խաղերին եւ համարժեք են ուսանողական խաղերին: Նախագծով առաջարկվում է սահմանել նաեւ լիազորող նորմ, ինչպես նաեւ ամրագրել, որ տարեկան ծրագրերը հաստատվում են ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի կողմից:
Օրինագծի վերաբերյալ առաջարկներ չեն ներկայացվել: