Կոտրել են հագուստի խանութի դուռն ու տարել պարտքերի տետրը

Ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր տվել Էջմիածնում բնակվող 56-ամյա մի կին։ Նա հայտնել էր, որ հունվարի 13-ից 14-ն ընկած ժամանակահատվածում Էջմիածնի Ալավերդյան փողոցի իր հագուստի խանութի դուռը կոտրել են ու գողություն արել։ Դեպքի վայր էր մեկնել բաժնի օպերատիվ խումբը։

Տարել էին հագուստեղեն, պայուսակներ, հանդերձանքի պարագաներ և պարտքերի տետրը։

Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է գողությունը կատարած անձանց ինքնությունը։ 21 և 24 տարեկան երկու երիտասարդ էին՝ երկուսն էլ Էջմիածնի բնակիչ։ Տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել էին խանութի դուռը, գողություն արել, իսկ գողոնը տեղափոխել էին 24 տարեկանի մեքենայով։ Երկուսն էլ հայտնաբերվեցին,ձերբակալվեցին ու տեղափոխվեցին ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդներն իրավապահներին ներկայացրին պարտքերի տետրը։ Ի դեպ, նրանցից մեկի անունը ևս պարտքերի տետրում կար։

Ձերբակալվածները ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել