Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը Գագիկ Սարգսյանի նախագահությամբ ավարտել է Արտաշատ քաղաքի բնակիչ, 20 – ամյա Կարեն Հարությունյանի գործի քննությունը:
Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, դատաքննությամբ և քրեական գործի մյուս նյութերով պարզվել է, որ 2011 թվականի սեպտեմբեր ամսին Կարեն Հարությունյանը ծանոթացել է Երևան քաղաքի բնակիչ, 1999 թվականին ծնված անչափահաս Անի Թորոսյանի հետ ու մտերմացել:
Տղան ստացել է աղջկա մոր թույլտվությունը և ամուսնության նպատակով հաճախակի հանդիպել է Անի Թորոսյանի հետ:
2012 թվականի փետրվարի 24-ին, Անին` Արարատի մարզի Բերդիկ գյուղում բնակվող մորաքրոջն այցելելու նպատակով միայնակ եկել է Արտաշատ քաղաք, որտեղ էլ շուկայի տարածքում պատահաբար հանդիպել է Կարեն Հարությունյանին:
Տղան նրան իրենց տուն գնալու առաջարկ է արել, ինչին համաձայնվել է նաև Անի Թորոսյանը, ու նրանք միասին գնացել են Կարեն Հարությունյանի տուն: Տանը, բացի իրենցից, ուրիշ ոչ-ոք չի եղել և փոխադարձ համաձայնությամբ տղան սեռական հարաբերություն է ունեցել ակնհայտ 16 տարին չլրացած աղջկա հետ: Դրանից հետո մինչև մայիսի 27-ն ընկած ժամանակահատվածում ևս չորս անգամ տարբեր օրերի սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ:
Ամբաստանյալ Կարեն Հարությունյանը ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել, հրաժարվել դատաքննությամբ ցուցմունք տալ և խնդրել է հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքը:
Տղան նախաքննության ժամանակ նշել է, որ իրենց տանն իր առաջարկով գնացել են ննջասենյակ, սկսել են համբուրվել, գրկախառնվել, Անին ինքնակամ հանվել է, և սեռական հարաբերություն են ունեցել: Դրանից հետո ևս երեք անգամ իր և Անիի միջև փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություն է տեղի ունեցել, որոնցից վերջին անգամը` 2012 թվականի մայիսի 27-ին: Ինքը նպատակ ունի աղջկա հետ հետագայում ամուսնանալու:
Աղջիկը դատարանում հայտնել է, որ տղայի նկատմամբ որևէ բողոք չունի: Նրա հետ ծանոթացել է հեռախոսով: Երբ Արտաշատում պատահական հանդիպել է Կարենին, տղան առաջարկել է իրենց տուն գնալ: Ինքը համաձայնել է: Տանն ոչ-ոք չի եղել և, տուն մտնելուց հետո Կարենը բանալիով ներսից փակել է դուռը: Իրենք միասին գնացել են ննջասենյակ, որտեղ էլ տղան հանել է իր հագուստները, ինչի դեմ ինքը չի առարկել և փոխադարձ համաձայնությամբ կենակցել է իր հետ: Դրանից հետո մի քանի անգամ ևս, դարձյալ փոխադարձ համաձայնությամբ, Կարենի հետ սեռական հարաբերություն է ունեցել: Բացի Կարեն Հարությունյանից, ինքը որևէ մեկի հետ սեռական հարաբերություն չի ունեցել: Ինքը գիտակցել է իր արարքը և դրա հետևանքների մասին:
Դատարանում ցուցմունք են տվել նաև աղջկա մայրն ու երկու անչափահաս քույրերը:
Աղջկա մայրը հայտնել է, որ ինքը ճանաչել է Կարենին, քանի որ վերջինս 2011 թվականի նոյեմբեր ամսին այցելել է իրենց տուն և իրենից թույլտվություն է խնդրել դստեր հետ հանդիպելու: Ինքը թույլատրել է նրանց միայն հեռախոսով միմյանց հետ շփվել, սակայն իրականում նրանք հանդիպել են: 2012 թվականի հունիսի 8-ին, երբ ինքն Արարատի մարզի քննչական բաժնում մասնակցել է դստեր հարցաքննությանը, այդ ժամանակ է միայն Անիից տեղեկացել, որ 2012 թվականի փետրվար ամսին ինքը Կարենի հետ վերջինիս տանը սեռական հարաբերություն է ունեցել: Կարենը դստեր նկատմամբ բռնություն չի գործադրել, պարզապես իր դուստրն առանց հասկանալու տրվել է նրան: Դուստրն իրեն այդ մասին չի ասել, իսկ տեղեկանալուց հետո, երբ ինքը մտահոգվել է, դուստրն իրեն հայտնել է, որ այդ մասին չի ասել, քանի որ հասկացել է, որ սխալ բան է արել: Անիի հետ զրույցի ընթացքում վերջինս հայտնել է, որ բացի Կարենից ինքն այլ տղաների հետ չի շփվել, ընկերություն է արել միայն Կարենի հետ և նրա հետ միայն մեկ անգամ սեռական հարաբերություն է ունեցել:
Մայրը որևէ բողոք չի ունեցել Կարեն Հարությունյանի նկատմամբ:
Անիի անչափահաս քույրերը` Մարինեն և Նարինեն, դատարանում հայտնել են, որ իրենց նախաքննական ցուցմունքները ճիշտ են, ըստ որոնց` 2012 թվականի հունիսի 2-ին` ժամը 12-ի սահմաններում, Նարինեն իրենց տան պատուհանից տեսել է տան դիմաց կանգնած սպիտակ գույնի ռուսական արտադրության մի ավտոմեքենա, որի միջից լսել է Անիի բղավոցն ու տեսել նրան ավտոմեքենայի մեջ:
Մտածելով, որ նրան փախցրել են` ինքը մեկ այլ ավտոմեքենայով եկել է Արտաշատ և Արտաշատ քաղաքի զբոսայգում, որտեղ եղել է նաև Մարինեն, եկել են նաև Կարենն ու Անին: Քույրը պատմել է իր հետ կատարվածի մասին, ինչի շուրջ էլ Մարինեի և Կարենի միջև վեճ է ծագել, որի ընթացքում Կարենը երկու անգամ ոտքով հարվածել է Մարինեի որովայնի շրջանին: Կատարվածի մասին Մարինեն հաղորդում է տվել ոստիկանության Արտաշատի բաժին:
Դատահոգեբանական փորձագետի եզրակացությամբ` Անի Թորոսյանի մոտ բացահայտվել են այնպիսի անհատական առանձնահատկություններ, ինչպիսիք են ինքնամփոփությունը, մեկուսացվածությունը, պասիվությունը, բարձր ներշնչվողականությունը և տպավորվողականությունը: Հաշվի առնելով աղջկա տարիքային անհատական-հոգեբանական առանձնահատկությունները, ինտելեկտուալ և անձնային զարգացման մակարդակն ու քննվող իրավիճակի բովանդակությունը` Անին կարող էր հասկանալ, ընկալել և վերարտադրել իր նկատմամբ կատարված գործողությունների բնույթն ու նշանակությունը և դիմադրություն ցույց տալ: Աղջիկը դեպքի պահին գտնվել է հոգեկան լարված վիճակում, որը սակայն չի եղել այն ուժգնության, որ զրկեր նրան իր գործողությունների բնույթն ու նշանակությունը հասկանալու կարողությունից: Հաշվի առնելով Անի Թորոսյանի ներկայիս հոգեկան վիճակը` նա կարող է մասնակցել քննչական և դատավարական գործողությունների և արժանահավատ ցուցմունքներ տալ:
Ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի եզրակացությամբ` Կարեն Հարությունյանը որևէ հոգեկան հիվանդությամբ չի տառապել և չի տառապում, նրա մոտ հայտնաբերվել են բնավորության փսիխոպաթիկ գծեր: Նա կարող է հաշիվ տալ իրեն իր գործողությունների համար և ղեկավարել դրանք ինչպես իրավախախտումը կատարելու պահին, այնպես էլ ներկայումս:
Նրա հանցանքն ապացուցված է նաև դեպքի վայրի զննության արձանագրությամբ և քրեական գործի մյուս նյութերով:
Դատարանն ապացուցված է համարել, որ ամբաստանյալ Կարեն Հարությունյանը սեռական հարաբերություն է ունեցել ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ, որպիսի արարքի համար նա պետք է պատասխանատվության ենթարկվի ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով:
Կարեն Հարությունյանը նկատմամբ պատիժ նշանակելիս դատարանը, որպես մեղմացուցիչ հանգամանք, հաշվի է առել այն, որ նա խոստովանել ու զղջացել է կատարած արարքի համար, նախկինում դատապարտված չի եղել, վերջինիս մոտ առկա է «բնավորության փսիխոպաթիկ գծեր» ախտորոշումը:
Վերը նշված հանգամանքները հաշվի առնելով` դատարանը գտել է, որ Կարեն Հարությունյանի հետագա ուղղումն ու վերադաստիարակումը հնարավոր է նրան առանց հասարակությունից մեկուսացնելու և նրա նկատմամբ կարելի է ազատությունից զրկելու հետ կապ չունեցող պատիժ նշանակել:
Կարենին դատարանը մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով և դատապարտել տուգանքի 200.000 ՀՀ դրամ:
Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը` դատավճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Իրավաբան.net