Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և ատեստավորման արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրավճարի տրամադրման կարգում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
Առաջարկվող նախագծի ընդունման արդյունքում համապատասխան կարգի գործարկմամբ արտադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների շաբաթական ծանրաբեռնվածությունը 1 դրույքաչափի համար (անկախ կազմակերպա-իրավական կարգավիճակից) կլինի միասնական և կունենա պետության կողմից կազմակերպական և ֆինանսական հստակ հիմքեր։
Ըստ վիճակագրության 2021/2022 ուսումնական տարում հանրապետությունում գործել են երաժշտական, արվեստի, գեղարվեստի և մանկապատանեկան ստեղծագործական 240 դպրոց և կենտրոն, որոնցից 50-ը ք. Երևանում, իսկ մնացած 190-ը՝ ՀՀ մարզերում:
«Համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի արտադպրոցական դաստիարակությունն իրականացվում է մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոնների, երաժշտական, նկարչական և արվեստի դպրոցների, ակումբների, պատանի հայրենասերների, տեխնիկների, բնասերների և տուրիստական կայանների, մարզադպրոցների, առողջարարական ճամբարների և արտադպրոցական դաստիարակություն իրականացնող այլ կազմակերպությունների միջոցով։
Ուսուցումը ուսումնական հաստատություններում իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հաստատված համապատասխան ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլաններով, որոնք իրենց մեջ ներառում են ուսուցանվելիք առարկաների ցանկը, դրանցից յուրաքանչյուրի համար նախատեսված դասաժամերի նվազագույն քանակը, որը պարտադիր է տվյալ տարվա ստուգարքներին և ավարտական քննություններին մասնակցելու համար:
Մանկավարժական աշխատանքի ընդունվում են այն անձինք, ովքեր ըստ մասնագիտության ունեն անհրաժեշտ մասնագիտական-մանկավարժական որակավորում։
Արտադպրոցական ուսումնական հաստատություններում մանկավարժական աշխատողների շաբաթական ծանրաբեռնվածության համար անհրաժեշտ է ապահովել մեկ միասնական մոտեցում, հստակ սահմանելով 1 դրույքաչափի համար նախատեսված ծանրաբեռնվածությունը, որը ուղիղ կապ ունի նաև վերջիններիս վարձատրության և աշխատանքի պատշաճ կազմակերպման և անցկացման գործընթացների հետ։
Առկա վիճակը և ներկա խնդիրները գնահատելու համար հիմք են ընդունվել ինչպես գործող իրավական ակտերի վերլուծությունները, այնպես էլ ոլորտը բնութագրող վիճակագրական ցուցանիշները»,-նշվում է հիմնավորման մեջ: