Բնակչությանը կոչ ենք անում բարեխղճորեն կատարել դեկտեմբեր ամսվա կոմունալ վճարումները և տուրք չտալ վճարումներից ազատվելու վերաբերյալ շրջանառվող լուրերին:
Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբից։
«Սպառված էլեկտրաէներգիայի, գազի, ջրի, կապի ծառայությունների դիմաց վճարումների իրականացումն առաջին հերթին կարևոր է այս իրավիճակում ենթակառուցվածքների և, մասնավորապես, էներգետիկ համակարգի կայունության պահպանման տեսանկյունից:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հունվար ամսվա համար մշակվում են աջակցություն ծրագրեր, որոնք ուղղված են աշխատատեղերի պահպանմանը, ճգնաժամի հետևանքով աշխատատեղերը կորցրած քաղաքացիների, ինչպես նաև սոցիալական այլ խմբերի աջակցությանը: Կառավարության կողմից մշակվող այդ ծրագրերի մասին կհայտարարվի առաջիկայում:
Հիշեցնենք, որ հունվարի 9-ից՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցման անջատման պատճառով Արցախում էներգամատակարարումն իրականացվում է միայն ներքին՝ խիստ սահմանափակ ռեսուրսների հաշվին: Հունվարի 17-ից Ադրբեջանի կողմից փաստացի խափանված է նաև Հայաստանից Արցախ կանոնավոր գազամատակարարումը:
Ստեղծված իրավիճակում կառավարությունը քայլեր է ձեռնարկում բնակչության նվազագույն էներգետիկ պահանջարկն առավելագույնս երկարաժամկետ կտրվածքով ապահովելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ: