Փաստաբանն իրավունք չունի իրավաբանական օգնություն ստանալու համար դիմած անձի հանձնարարությունն ընդունելու, եթե՝
1) այն ակնհայտ անօրինական բնույթ է կրում.
2) վստահորդի հետ կնքած պայմանագրի առարկայի շուրջ ունի ինքնուրույն շահ, որը տարբերվում է տվյալ անձի հետապնդած շահից:
Փաստաբանն իրավունք չունի իրավաբանական օգնություն ցույց տալու այն դեպքում, երբ
1) առկա է հակասություն նույն հարցով իր կամ իր վստահորդների շահերի միջև.
2) տվյալ գործին մասնակցել է որպես դատավոր, դատախազ, քննիչ, հետաքննության մարմնի աշխատող, փորձագետ, տուժող կամ վկա, ինչպես նաև եթե նա հանդիսացել է պաշտոնատար անձ, որի իրավասության մեջ էր մտնում տվյալ անձի շահերից բխող որոշման ընդունումը.
3) ազգակցական, անձնական կամ կախյալ հարաբերությունների մեջ է գտնվում այն պաշտոնատար անձի հետ, որը մասնակցել կամ մասնակցում է տվյալ անձի գործի քննությանը.
4) պետք է ներկայացնի վստահորդի շահերը որևէ գործում, և այդ անձի շահերը հակասում են նախկին վստահորդի շահերին, բացառությամբ այն դեպքերի, երբ նախկին վստահորդը տալիս է իր գրավոր համաձայնությունը:
Փաստաբանն իրավունք չունի`
1) հայտարարություններ անելու վստահորդի մեղավորության ապացուցված լինելու վերաբերյալ, եթե վերջինս ժխտում է դա.
2) հրապարակելու վստահորդի կողմից իրավաբանական օգնություն ցույց տալու կապակցությամբ իրեն հայտնած տեղեկությունները` առանց վստահորդի համաձայնության:
Փաստաբանը պետք է դադարեցնի իրավաբանական օգնություն ցույց տալ երկու կամ ավելի անձանց, եթե նրանց շահերի միջև առաջանում է հակասություն:
Փաստաբանն իրավունք ունի հրաժարվելու վստահորդի նկատմամբ իր ստանձնած պարտավորությունից միայն սույն օրենքով, ինչպես նաև վստահորդի հետ կնքված պայմանագրով նախատեսված դեպքերում:
Վստահորդն իրավունք ունի ցանկացած պահի հրաժարվելու փաստաբանի ծառայությունից՝ փոխհատուցելով նրա արդեն մատուցած ծառայության դիմաց:
Վստահորդի շահերը ներկայացնելուց հրաժարվելու դեպքում փաստաբանը պարտավոր է հրաժարվելու մասին ժամանակին տեղեկացնել վստահորդին, մինչև իր հեռանալը բավարար ժամանակ տրամադրել նրան նոր փաստաբան ընտրելու համար, վստահորդին հանձնել գործին վերաբերող իր մոտ եղած փաստաթղթերը:
Փաստաբանների պալատի անդամ օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, ինչպես նաև այլ պետության փաստաբանը իրավունք չունեն իրավաբանական օգնություն ցույց տալու Հայաստանի Հանրապետության պետական կամ ծառայողական գաղտնիքին առնչվող հարցերով:
Փաստաբանն ունի օրենքով սահմանված այլ իրավունքներ և պարտականություններ: