Ի՞նչ արտոնություններ են գործում գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վճարման համակարգում

Գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների` դրանց ծագման, դադարման, փոխանցման կամ փոփոխման պետական գրանցման, ինչպես նաև անշարժ գույքի միասնական կադաստրի տեղեկատվության տրամադրման համար մատուցվող ծառայությունների համար պետական բյուջե գանձվում է վճար՝ օրենքով սահմանված չափերով՝ գանձապետարանում բացված համապատասխան հաշվին:

Դիմողները պարտավոր են վճարել սահմանված վճարները, սակայն գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և համապատասխան տեղեկատվություն ստանալու վճարման համակարգում գործում են որոշ արտոնություններ:

Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված վճարները չեն գանձվում քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող, մինչև 1998 թվականի մարտի 1-ը ձեռք բերված և 1998 թվականի մարտի 1-ից հետո չգրանցված, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով գույքային իրավունքները վերականգնված և 1998 թվականի մարտի 1-ից հետո չգրանցված բնակելի նշանակության անշարժ գույքի (բացառությամբ առանձին միավոր հանդիսացող ավտոտնակների) և գյուղատնտեսական նշանակության հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի առաջին պետական գրանցման դեպքում:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում գույքի նկատմամբ սահմանափակում կիրառելու լիազորություն ունեցող իրավասու մարմիններն ազատվում են սահմանափակման պետական գրանցման վճարից:

Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկերում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերում գտնվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման կամ այդ գույքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար օրենքով սահմանված վճարները գանձվում են 50%-ի չափով:

Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տվյալների մասին տեղեկատվությունը, բացառությամբ միասնական տեղեկատվության, ՀՀ Նախագահի աշխատակազմին, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմին և պատգամավորներին, ՀՀ պետական կառավարման մարմիններին, դատարաններին, քրեական հետապնդման մարմիններին, ՀՀ կենտրոնական բանկին տրամադրվում է անվճար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների իրականացման համար:

Պետական կառավարման մարմիններին վերը նշված կարգով տրամադրված կադաստրային, տեղագրական կամ հողաշինարարական քարտեզները կարող են վերջիններիս կողմից փոխանցվել այլ անձանց միայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա, որի դիմաց անշարժ գույքի պետական ռեգիստրին հատկացվում է համապատասխան փոխհատուցում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել