Վճիռ կայացրած դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձանց դիմումով կամ իր նախաձեռնությամբ լրացուցիչ վճիռ կայացնել, եթե
1) վճիռ չի կայացրել որևէ պահանջով, որով գործին մասնակցող անձինք ապացույցներ են ներկայացրել.
2) լուծելով իրավունքի մասին հարցը, չի նշել հատկացվող գումարի չափը, հանձնման ենթակա գույքը կամ այն գործողությունները, որոնք պարտավոր է կատարել պատասխանողը.
3) չի լուծել դատական ծախսերի հարցը:
Լրացուցիչ վճիռ կայացնելու մասին դիմումը կարող է ներկայացվել մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Հրապարակման պահից օրինական ուժի մեջ մտած վճիռներով լրացուցիչ վճիռ կայացնելու մասին դիմումը կարող է ներկայացվել հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:
Լրացուցիչ վճիռ կայացնելու մասին հարցը լուծվում է դատական նիստում: Գործին մասնակցող անձինք պատշաճ ձևով տեղեկացվում են նիստի ժամանակի և վայրի մասին:
Նրանց չներկայանալն արգելք չէ հարցի քննարկման համար:
Լրացուցիչ վճիռ կայացնելը մերժելու դեպքում դատարանը կայացնում է որոշում:Լրացուցիչ վճիռ կայացնելը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել: