Հունվարի 23-ին շուրջ մեկ տարվա նախապատրաստական աշխատանքից հետո Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Հայաստանի Հանրապետության անունից Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել Հայաստանի ամբողջական գանգատը և պահանջներն ընդդեմ Ադրբեջանի Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում, հայտնում են միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։
«Այդ պահանջներն ընդհանուր առմամբ վերաբերում են Ադրբեջանի կողմից տասնամյակներ շարունակ էթնիկ հայերի և հայկականության նկատմամբ տարվող ատելության և խտրական վերաբերմունքի հետևանքով առաջացած խախտումների արձանագրմանը և պատճառված վնասի հատուցմանը:
Ինչպես հայտնել էինք ավելի վաղ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանը ներկայացրել էր գանգատ ընդդեմ Ադրբեջանի՝ Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով: Դատարանը սահմանել էր ժամկետ ամբողջական գանգատի և ապացույցների ներկայացման համար մինչև 2023 թվականի հունվարի 23-ը»,-նշվում է հաղորդագրության մեջ: