Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից չորս հիվանդներ՝ «Միելոմային հիվանդություն», «Արագ պրոգրեսիվող գլոմերուլոնեֆրիտ՝ սուր նեֆրոտիկ համախտանիշով, առաջնային ֆոսֆոլիպիդային համախտանիշ», «Ախալազիա III-IV աստիճան» և «Առաջնային անպտղություն» ախտորոշումներով, այսօր՝ հունվարի 23-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։
ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
«Արևիկ» բուժմիավորումում 12 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 11 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։
Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 46 հիվանդ։