Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ներկայացնում են սոցփաթեթի վերաբերյալ հաճախ տրվող մի քանի հարցերի պատասխանները։
Ո՞ր ուղղություններով շահառուն կարող է ծախսել սոցիալական փաթեթի միջոցները։
Սոցփաթեթի շահառուներն իրենց տրամադրված միջոցները հնարավորություն ունեն ուղղելու ստոմատոլոգիական, հիպոթեքային վարկի կամ ուսանողական վարկի ամսական վճարի, ուսման վճարի, հանգստի ապահովման, մարզա-առողջարարական, սպորտային համալիրների ծառայությունների ձեռքբերմանը և այլն:
Սոցիալական փաթեթի գումարը փոխանցվում է միանգամից, թե՞ ամսական պարբերականությամբ։
Սոցիալական փաթեթի միջոցները փոխանցվում են շահառուի հաշվեհամարին ամսական պարբերականությամբ և ունեն կուտակային բնույթ։
Սոցփաթեթի շահառուների ընտանիքի անդամները կարո՞ղ են օգտվել սոցփաթեթի ծառայություններից։
Այո՛, սոցփաթեթի շահառուների ընտանիքի անդամները նույնպես կարող են օգտվել սոցփաթեթի ծառայություններից (բացառությամբ առողջապահական ուղղության, այդ թվում՝ ստոմատոլոգիական ծառայություններից)։
Սոցփաթեթի շրջանակում ստոմատոլոգիական ո՞ր ծառայություններից կարող է օգտվել շահառուն։
Շահառուն կարող է օգտվել թերապևտիկ և վիրաբուժական ստոմատոլոգիական ծառայություններից, այդ թվում՝ ատամի կարիեսի կամ նրա բարդությունների բուժում, ատամնաքարերի մաքրում, ատամի հեռացում։