ԱՄՆ-ի նախագահի տանը 13 ժամ տևած խուզարկությունից հետո հայտնաբերվել է ևս վեց գաղտնի փաստաթուղթ։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Ջո Բայդենի փաստաբանը, հայտնում է New York Post-ը։
Փաստաթղթերի մի մասը թվագրվում է այն ժամանակ, երբ Բայդենը սենատոր էր, իսկ մյուսները՝ նրա՝ փոխնախագահի պաշտոնում: Փաստաբանի խոսքով՝ խուզարկության արդյունքում հանվել են ԱՄՆ-ի նախագահի ձեռագիր գրառումներն ու ուղեկցող նյութերը։
Խուզարկության ժամանակ Բայդենն ու նրա կինը տանը չեն եղել։ Ինքը՝ Բայդենը, թույլ է տվել քննիչներին խուզարկել Դելավերում գտնվող իր տունը։
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Բայդենի տանը գաղտնի փաստաթղթեր են հայտնաբերվել։ Ավելի վաղ նմանատիպ փաստաթղթեր էին հայտնաբերվել Փեն Բայդեն կենտրոնում գտնվող նրա նախկին գրասենյակում, ինչպես նաև իր տան ավտոտնակում։ Միջադեպի հետաքննությունը շարունակվում է։ Գործով հատուկ դատախազ է նշանակվել, ով մանրամասն կուսումնասիրի միջադեպը և կպարզի՝ նախագահը խախտե՞լ է գաղտնի փաստաթղթերի պահպանման կանոնները։
Նմանատիպ հետաքննություն է ընթանում նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ, ում տանը նույնպես անցյալ տարի հայտնաբերվել էին գաղտնի փաստաթղթեր։