Օրենսդրական առաջարկ՝ միտված հակադոպինգային քաղաքականության մշակմանը, «դոպինգ» հասկացության սահմանմանը

Ազգային ժողովի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկում «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում: Նախագիծը միտված է հակադոպինգային քաղաքականության մշակմանը, «դոպինգ» հասկացության սահմանմանը: Ներպետական օրենսդրությունը համապատասխանեցվում է միջազգային չափորոշիչներին: Սիսակ Գաբրիելյանի խոսքով օրենսդրական մակարդակում անհրաժեշտություն կար համապատասխանեցնելու մեր իրավական գործընթացները միջազգային չափորոշիչներին, որ մեր մարզիկները չզրկվեն, չորակազրկվեն միջազգային մրցաշարերին մասնակցելու հնարավորությունից:

Նա հավելել է, որ պարբերաբար հանդիպումներ են լինում սպորտի ոլորտի ներկայացուցիչների հետ, մասնավորապես, Օլիմպիական մարզաձեւերի ֆեդերացիայի ներկայացուցիչները հրավիրվում են խորհրդարան, Կառավարության գործընկերների հետ քննարկվում եւ լուծում են տրվում մի շարք հարցերի:

Սիսակ Գաբրիելյանը տեղեկացրել է նաեւ, որ այս տարի նախատեսվում է ատեստավորման գործընթացը ներդնել նաեւ մարզադպրոցների մարզիչների համար: Նախնական փուլում՝ ապրիլ-մայիսին, տեղի կունենա մի քանի մարզաձեւերի մարզիչների ատեստավորումը: Նախատեսվում է կամավոր ատեստավորման միջոցով բարձրացնել աշխատավարձերը:

Հարակից զեկույցում պատգամավոր Հակոբ Ասլանյանը հայտնել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին:

Դոպինգի դեմ հայտարարված պայքարն անողոք է եւ միանգամայն արդարացված է այն, ինչ կատարում է Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը, որը կարող է այս կամ այն երկրին զրկել մրցումներին մասնակցելու իրավունքից. այս մասին հայտնել է ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը: Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը պայքարում է դոպինգի դեմ եւ ամենեւին չի խրախուսում այդ ճանապարհով ձեռք բերված որեւէ հաջողություն: Փոխնախարարը տեղեկացրել է, որ հաջորդ տարի մեր երկրում ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ Համաշխարհային հակադոպինգային գործակալության հետ կանցկացվի համաժողով, ինչը կնպաստի այս ոլորտում Հայաստանի դերի բարձրացմանը:

Պատգամավոր Միքայել Թումասյանի հարցը փոխնախարարին վերաբերում էր համալիր մարզաձեւերի դպրոցների կառուցման հեռանկարներին: Ներկայացնելով իրականացված քայլերը՝ Կարեն Գիլոյանը հայտնել է, որ Հայաստանի կառավարությունը հսկայածավալ շինարարական գործունեություն է ծավալել: Այս պահին ավարտվում է Սիմոն Մարտիրոսյանի մարզադպրոցի շինարարությունը: Գյումրիում ընթանում է Արթուր Ալեքսանյանի անունով մարզահամալիրի շինարարությունը: «Մեր սպորտային մայրաքաղաք Գյումրիում կունենանք միջազգային չափանիշներին համապատասխանող դահլիճ»,- ընդգծել է նախարարի տեղակալը: Նշվել է, որ Երեւանում շարունակվում է հեծանվասպորտի եւ գեղարվեստական մարմնամարզության մարզադպրոցների շինարարությունը. այն 2024 թ. դեկտեմբերին պիտի հանձնվի շահագործման: Հիմնանորոգվում է «Կիլիկիա» մարզադահլիճը: Արտաշատում ավարտին է մոտենում ստադիոնի աթլետիկական հատվածի շինարարությունը: Փոխնախարարի խոսքով Կառավարության շրջանառվող որոշման նախագծով Երեւանում եւ մարզերում տեղադրվելու են արագ հավաքվող, բոլոր չափանիշներին համապատասխանող մանեժներ՝ 300 տեղանոց տրիբունայով, խաղային դահլիճով:

Պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն էլ հետաքրքրվել է, թե արդյո՞ք մեր երկրում կա դոպինգային խնդիր: Փոխնախարարը գոհունակությամբ փաստել է, որ Հայաստանի հակադոպինգային գործակալությունը բարձր վարկանիշ ունի Համաշխարհային հակադոպինգային գործակալությունում, միջազգային ստուգումներ է անցկացնում: Նա նշել է, որ վերջին տարիներին դրական դոպինգ պատասխաններ մեր երկրում չեն արձանագրվել:

Պատգամավոր Գեղամ Նազարյանն անդրադարձել է հայաստանյան դպրոցներում ֆիզկուլտուրա առարկայի դասավանդման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերին: Կարեն Գիլոյանը համաձայնել է, որ շատ դպրոցներում մարզական գույքի եւ դահլիճների խնդիր կա: Նա պարզաբանել է, որ զանազան ծրագրեր են իրականացվում, փորձ է արվում ֆիզկուլտուրայի դասավանդումը ոչ միայն գայթակղիչ դարձնել, այլ նաեւ բարձրացնել օգտակար գործողության գործակիցը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել