Առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Կառավարության 2008 թվականի որոշումներից մեկում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ։ Նշվում է, որ ներկայումս բժշկական օգնության և սպասարկման որովայնային վիրաբուժական տեսակը ենթակա է լիցենզավորման:
Հայաստանի Հանրապետությունում ներկայումս առկա բժշկական օգնության և սպասարկման մանկական տեսակներով գործունեության իրականացման կադրային լուրջ խնդիր: Հաշվի առնելով կադրային իրավիճակը և 14-ից 18 տարեկան երեխաների ֆիզիոլոգիական զարգացման վիճակը, մեծահասակների բժիշկների կողմից կարող են իրականացվել որոշակի հետազոտություններ և միջամտություններ: Առաջարկվում է ավելացնել բժշկական օգնության և սպասարկման նոր տեսակներ` շարժական մանկաբարձական և շարժական բուժքույրական:
Iravaban.net-ը հայտնում է՝ նախագծով առաջարկվում են հետևյալ կարգավորումները.
- 15-ից մինչև 18 տարեկան երեխաների քիթ-կոկորդ-ականջաբանական վիրահատական միջամտությունները կարող են իրականացվել բժշկական օգնության և սպասարկման մեծահասակների հիվանդանոցային` քիթ-կոկորդ-ականջաբանական, անեսթեզիոլոգիական և վերակենդանացման տեսակներով լիցենզիայի շրջանակում,
- 14-ից մինչև 18 տարեկան երեխաների գինեկոլոգիական վիրահատական միջամտությունները կարող են իրականացվել բժշկական օգնության և սպասարկման մեծահասակների հիվանդանոցային` գինեկոլոգիական, անեսթեզիոլոգիական և վերակենդանացման տեսակներով լիցենզիայի շրջանակում,
- բժշկական օգնության և սպասարկման մանկական տեսակներով լիցենզիա չունենալու դեպքում` նախազորակոչային տարիքի քաղաքացիների զինվորական ծառայության պիտանիության վերաբերյալ առողջական վիճակի հետազոտումը և բժշկական փորձաքննությունը կարող է իրականացվել մեծահասակների` համապատասխան լիցենզիայի շրջանակում:
«Նախագծի ընդունման արդյունքում ուժը կորցրած կճանաչվի բժշկական օգնության և սպասարկման որովայնային վիրաբուժական տեսակը:
Զգալի ծավալով կլուծվեն ՀՀ-ում առկա կադրային խնդիրները:
Բժշկական օգնության և սպասարկման լիցենզավորման ենթակա տեսակների ցանկին կավելացվեն նոր տեսակներ` շարժական մանկաբարձական և շարժական բուժքույրական:
Հաշվի առնելով 14-ից 18 տարեկան երեխաների ֆիզիոլոգիական զարգացման վիճակը, մեծահասակների բժիշկների կողմից կարող են իրականացվել որոշակի հետազոտություններ և միջամտություններ:
Կկարգավորվի մարզերում նախաբժշկական` մանկաբարձական, ինչպես նաև դպրոցներում, ճամբարներում և լողափերում նախաբժշկական` բուժքույրական ծառայությունների պատշաճ կազմակերպման հարցը»,-նշվում է հիմնավորման մեջ: