Ազգային ժողովը 2-րդ ընթերցմամբ քննարկել է մի շարք հարցեր

Խորհրդարանը հունվարի 16-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:

«Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխությունների նպատակն է կարգավորել էլեկտրաէներգետիկական համակարգի` շուկայական նոր մոդելի անցման հետ կապված հարցերը: Նախագիծը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը:

«Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթով կարգավորվում են ՀՀ-ում գեոդեզիական, քարտեզագրական գործունեության իրականացման, տարածական տվյալների ստեղծման, հավաքագրման, պահպանման, օգտագործման, տրամադրման, տարածման, փոխանակման եւ կառավարման հետ կապված հարաբերությունները: ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի խոսքով նախաձեռնությամբ ներդրվում է տարածական տվյալների ամբողջական ենթակառուցվածքը:

«Առաջարկվող նոր կարգավորումների նպատակն է անշարժ գույքի միավորման որոշ դեպքերում, օրինակ` ընդլայնման դեպքում, վերացնել անշարժ գույքի միավորի նկատմամբ նախապես` մինչեւ միավորումը ձեռք բերողի իրավունքների պետական գրանցման, այդ թվում` հասցեավորման մասին որոշման ներկայացման պահանջները»,- նշել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը` բարձրաձայնելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում Կառավարության հեղինակած փոփոխությունները եւ լրացումները: Առաջին ընթերցումից հետո կատարվել են խմբագրական փոփոխություններ, որոնց նպատակն է ապահովել նոր կարգավորումների միանշանակ ընկալումը, բացառել տարբեր մեկնաբանություններն ու հակասությունները:

Բազմաբնակարան շենքի կառավարման մասնագիտացված գործունեության ներդրման համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերի ամրագրման նպատակով Կառավարությունը փոփոխություն եւ լրացում է առաջարկում «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում: Ըստ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի` նախաձեռնությամբ բազմաբնակարան շենքի կառավարումը կդիտարկվի մասնագիտացված գործունեության տեսակ: Օրենքն ընդունվելու դեպքում այն ուժի մեջ կմտնի 2025 թ.:

Պատգամավոր Գեւորգ Պապոյանի հեղինակած ««Օտարերկրացիների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը միտված է օտարերկրյա քաղաքացիների իրավունքների ընդլայնմանը: Առաջինից երկրորդ ընթերցում նախաձեռնությունը փոփոխության չի ենթարկվել:

«Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների մասին» նախագծով Հայաստանում կանոնակարգվում են գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների կիրառման սահմանափակումները: Մասնավորապես, մեր երկրում արգելվում են ԳՁՕ պարունակող բույսերի, սերմերի եւ տնկանյութի ներմուծումը, օգտագործումը եւ այլ կերպ գործածումը: Բացառություն են կազմում փորձացուցադրական եւ գիտահետազոտական նպատակների համար նախատեսված դեպքերը: «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը:

Հայաստանում գործարարությամբ զբաղվելու նպատակով գրանցման գործընթացն առավել հասանելի դարձնելու համար Կառավարությունը փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկում «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» եւ դրան կից օրենքներում: Նախաձեռնությունը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը:

«Հանրակրթության մասին» օրենքի որոշ դրույթներ կարգավորելու եւ հստակեցնելու նպատակով պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանը, Հերիքնազ Տիգրանյանը եւ Սիսակ Գաբրիելյանը փոփոխություններ են առաջարկում «Հանրակրթության մասին» օրենքում: Առաջինից երկրորդ ընթերցում Կառավարությունը ներկայացրել է 2 առաջարկ, որոնք ընդունվել են:

«Առաջինից երկրորդ ընթերցում նախագիծը քննարկվել է պատգամավորների հետ, ներկայացվել են տասնյակ առաջարկներ, որոնք մեծամասնությամբ ընդունվել են»,- ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը` մանրամասն քննարկման ներկայացնելով Կառավարության հեղինակած «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխությունները:

«Այս փոփոխություններով մենք հնարավորություն ենք ստանալու ոլորտում ներդնել մասնագիտական զարգացման եւ վարձատրության փոխկապակցման մեխանիզմ, ինչպիսին` ատեստավորման եւ տարրակարգերի մեխանիզմներն են»,- ընդգծել է նախարարը:

«Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում փոփոխությունը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը: Նրա խոսքով «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի հիման վրա «Միասնական հայտ» համակարգի ներդրման արդյունքում տնտեսվարողների համար կստեղծվեն առավել հարմարավետ պայմաններ, քանի որ արտաքին առեւտրի շրջանակում ՀՀ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի ստացման եւ ներկայացման գործընթացը կիրականացվի համացանցային կայքէջում հասանելի` swis.trade.gov.am միասնական հայտ համակարգի միջոցով:

«Կրթության մասին» օրենքում լրացումներով հստակեցվում են կազմակերպությունների կրթական ծրագրերի իրականացման ստանդարտները, մասնավորապես, լաբորատորիաների, արհեստանոցների, ամբիոնների, բժշկական մասնագիտությունների գծով, նաեւ կլինիկական ամբիոնների, մարզադահլիճի եւ դրանց սարքերով, սարքավորումներով ու նյութերով հագեցվածության չափաքանակների հաստատման մասով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել