ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատավոր Դավիթ Սերոբյանի գործով որոշում կայացնելու

Դռնբաց դատական նիստում Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ հունվարի 16-ին, քննարկել է Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը՝ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Դավիթ Սերոբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։

Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ Դավիթ Հակոբյանը նշեց, որ Սերոբյանի կատարած բոլոր ենթադրյալ խախտումները դատավարական են։

«Դատավարական խախտումները վերաբերում են դատավարության տարբեր փուլերի, մասնավորապես, այս կամ այն փուլում չլուծված խնդիրներին կամ դրանք մեկ այլ փուլում լուծելուն, ինչպես նաև որոշակի բողոքների չանրադառնալուն, չլուծելուն»,-նշել է Հակոբյանը։

Հանձնաժողովի անդամն իր ելույթում հայտնել է նաև, որ գործերից մեկով կան նաև չպատճառաբանված ակտեր։

Դատավոր Սերոբյանը համաձայն չէր հանձնաժողովի պնդումների հետ։ Նա իր եզրափակիչ ելույթում ասել է, որ լիովին վստահում է Բարձրագույն դատական խորհրդին․ «Ես և իմ ներկայացուցիչը ներկայացրինք մեր իրավական դիրքորոշումը ներկայացրինք, համոզմունք ունեմ, որ օբյեկտիվ դատական ակտ կկայացվի»։

Խորհրդի անդամ Կարեն Անդրեասյանը նշեց, որ այսօրվա բանավեճը, մտքերի փոխանակումը բարձր որակով իրականացվեցին․ «Որևէ մեկը թող չկասկածի, որ մենք կունենանք անկողմնակալ որոշում»։

Որոշման հրապարակման օրվա և ժամի մասին ԲԴԽ լրացուցիչ կտեղեկացնի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել