ՀՅԴ անդամներից մեկը կալանավորվեց

72 ժամով շինծու գործով ձերբակալված ՀՅԴ անդամ Գառնիկ Մանուկյանը կալանավորվեց 2 ամսով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Ամենայն հավանականությամբ նման որոշումներ կլինեն նաև կալանավորված մյուս երկու անձանց մասով»,-նշել  է նա:

Փաստաբան Արսեն Բաբայանն էլ հայտնել է, որ դատարանը ՀՅԴ կուսակցության Արտաշատի տարածքային կառույցի ղեկավար, Արտաշատ համայնքի ավագանու խմբակցության ղեկավար Արտավազդ Մարգարյանին կալանավորելու միջնորդությունը մերժել է:

«Ձերբակալությունն էլ ճանաչվեց ոչ իրավաչափ:

Արտավազդ Մարգարյանը շուտով կլինի ազատության մեջ»,-նշվում է գրառման մեջ:

Ավելի վաղ ՀՅԴ-ից հայտնել էին, որ ձերբակալվել են կուսակցության Արարատի մարզային կառույցի ակտիվ անդամներ Գառնիկ Մանուկյանը և Արտավազդ (Աշոտ) Մարգարյանը, կուսակցության համակիր Հունան Մելքոնյանը, ապօրինի հարցաքննության է ենթարկվել կուսակցության գերագույն մարմնի նախագահ Սիմոն Սիմոնյանը, ինչպես նաև ընդամենը մեկ ամիս առաջ դատարանի որոշմամբ ազատության մեջ հայտնված Գերասիմ Վարդանյանը:

«Դատախազության կողմից կրկին ասպարեզ է նետվել Ազգային ժողովի պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Աշոտ Սիմոնյանի նկատմամբ հարուցված ապօրինի քրեական հետապնդման մասին տեղեկատվությունը»,-նշվում է հայտարարության մեջ:

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Մասիսի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում պարզվում են ՀՀ-ում գործող կուսակցություններից մեկի հավաքին մասնակցելու նպատակով անձանց առերևույթ նյութապես շահագրգռելու դեպքի հանգամանքները, խուզարկությունները հենց այս գործի շրջանակում են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել