Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտարարություն է կատարել, որում ասվում է․
«Մենք՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան համատեղ կազմակերպած «Կրոնները ազգերի խաղաղ համագոյակցության երաշխիք» խորագրով համաժողովի մասնակից հայ քրիստոնյաներս և իրանցի մուսուլմաններս՝ որպես համաշխարհային և ավանդական կրոնների ներկայացուցիչներ, առաջնորդվելով հանուն կայուն, անվտանգ խաղաղության անհրաժեշտությամբ և հաստատելով ընդհանուր մարդասիրական արժեքների կարևորությունը մարդկության հոգևոր և ընկերային կյանքի զարգացման, համընդհանուր խաղաղության, անվտանգության և կայունության ապահովման գործում՝
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ
Ճանաչել ազգային-կրոնական և հոգևոր-բարոյական ուղենիշների առանցքային նշանակությունը և կարևորությունը հասարակական հարաբերությունների կայուն զարգացման գործում։
Դատապարտել և մերժել ընկերային, էթնոմշակութային և կրոնական տարբերությունների հիմամբ անհանդուրժողականությունը, այլատյացությունը, խտրականության դրսևորումները և հակամարտությունները։
Կարևորել ժողովուրդների կրոնական բազմազանությունը՝ որպես համամարդկային ժառանգության պահպանման գործոն։
Խրախուսել բարեգործությունը, կարեկցանքը, ողորմությունը, ընկերային արդարության և համերաշխության կատարելատիպերի ձևավորումը՝ նպաստելով հասարակությունների մերձեցմանը։
Ընդունել կրթության և մասնավորապես կրոնական կրթության արժեքն անձի ինքնակրթության, ինչպես նաև այլ կրոնների ու մշակույթների նկատմամբ հարգալից վերաբերմունքի զարգացման գործում։
Ընդգծել հասարակության մեջ և ընտանիքի պահպանման ու ամրապնդման գործում կնոջ դերը, հատկապես մոր կարևորությունը մատաղ սերնդի դաստիարակության հարցում։
Աներկբա դատապարտել ծայրահեղականությունը, արմատականությունն ու ահաբեկչությունը, հատկապես կրոնական հողի վրա, որոնք ոտնձգություն են մարդկային կյանքի ու արժանապատվության, խաղաղության ու անվտանգության նկատմամբ։
Դատապարտել աշխարհում և հատկապես մեր տարածաշրջանում հակամարտությունների և լարվածության օջախների ստեղծմանը նպաստող որևէ գործողություն և խոսք։
Խստիվ դատապարտել կրոնական դրույթների և գաղափարների կեղծման և դիտումնավոր շահարկումն ազգերի և ժողովուրդների միջև հակամարտություն և լարվածություն հրահրելու նպատակով։
Նոր տարվա և Սուրբ Ծննդյան շեմին Սուրբ Էջմիածնից աղոթում ենք առ Բարձրյալը՝ հայցելով խաղաղություն համայն աշխարհին և համերաշխություն բոլոր ժողովուրդների միջև»։