Սուրեն Պապիկյանը հետևել է դիպուկահարների դպրոցի զինծառայողների հրաձգության վարժանքներին․ ՊՆ

Դեկտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի և Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի ուղեկցությամբ, այցելել է ՊՆ N ուսումնական կենտրոն, ծանոթացել ծառայության կազմակերպմանն ու ընթացող շինարարական աշխատանքներին:

Այս մասին տեղեկանում ենք Պաշտպանության նախարարությունից։

Այնուհետև նախարար Պապիկյանին է ներկայացվել զորամասի մասնաշենքերից մեկում վերջերս բացված գրքի ընթերցման և օտար լեզուների զարգացման կենտրոնի հնարավորությունները:

Պաշտպանության նախարարը ներկա է գտնվել նաև ուսումնական կենտրոնում անցկացված 18-շաբաթյա դասընթացը հաջողությամբ ավարտած զինծառայողների ավարտական հանդիսությանը: Որակավորման վկայականներ ստացած զինծառայողները օրեր անց մեկնելու են իրենց մշտական տեղակայման վայրեր և նշանակվելու են ջոկի հրամանատարներ: Շնորհավորելով վկայականներ ստացած ժամկետայիններին՝ Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ դասընթացի շրջանակում ձեռք բերած գիտելիքները կարևոր են կրտսեր հրամանատարի առաքելությունը ստանձնելու ճանապարհին:

Զինծառայողների հետ զրույցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը խոսել է նաև ԶՈւ-ում իրականացվող բարեփոխումների ընթացքի մասին: Ավելի ուշ, տեղի է ունեցել քննարկում ուսումնական գործընթացի արդիականացման, ինչպես նաև առաջիկայում ներդրվող ծրագրերի վերաբերյալ: Նախարար Պապիկյանն այցելել է նաև զորավարժարաններից մեկն ու հետևել դիպուկահարների դպրոցի զինծառայողների հրաձգության վարժանքներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել