10 երեխա գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում, երեխաներից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում․ Արցախի առողջապահության նախարարություն

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։

Առաջին բուժօգնության համար անհրաժեշտ դեղերի և բժշկական պարագաների պակաս այս պահին չկա, բայց մատակարարումը շարունակում է մնալ անհնարին:

ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 11 բուժառու գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում, որից 4-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, բժիշկների կողմից կատարվում է հնարավորը հիվանդների վիճակը կայունացնելու համար:

ԱՀ «Արևիկ բուժմիավորումում» 10 երեխա գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում: Երեխաներից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Արցախի բժիշկները անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերում են՝ առցանց կապով խորհրդակցելով ՀՀ մասնագետների հետ:

ԱՀ առողջապահության նախարարությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները շրջափակման պատճառով ստեղծված իրավիճակը պատշաճ հաղթահարելու համար։

—————

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Նրանք վրաններ են տեղադրել, վառարաններ բերել։

1100 քաղաքացի, որից 270-ը անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի:

Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել