Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի խախտման միջադեպեր չեն գրանցվել:
Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ կայքում տեղադրված հաղորդագրությունում:
Նշվում է, որ դեկտեմբերի 13-ին ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակել է բանակցային գործընթացը ադրբեջանական և հայկական կողմերի հետ՝ իրավիճակը կայունացնելու և Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը ապաշրջափակելու համար։
Պարեկություն է իրականացվել Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Նրանք վրաններ են տեղադրել, վառարաններ բերել։
Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։
Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։