Ամեն ինչ կախված է Արցախի ղեկավարությունից. Սերժ Սարգսյան

Կառավարության շենքի մոտ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հանրահավաք է անցկացնում՝ ուղղված Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման դեմ ու ի աջակցություն արցախահայությանը։

Հանրահավաքի մասնակիցները նշում են, որ արցախահայերը ադրբեջանական սադրանքների պատճառով հայտնվել են հումանիտար ճգնաժամի շեմին, ստեղծված իրավիճակը ադրբեջանական հայատյաց և ցեղասպան քաղաքականության հերթական դրսևորում է:

ՀՀԿ առաջնորդ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով՝ ակնհայտ է, ադրբեջանցիներին չեն հետաքրքրում ոչ հանքավայրերը, ոչ դրանց ճիշտ կամ սխալ օգտագործումը: «Իրենք ուղղակի ցանկություն ունեն հպատակեցնելու Արցախը, արցախցիներին, բայց ես վստահ եմ՝ դա նրանց չի հաջողվելու»,- լրագրողների հետ զրույցում ասել է նախկին նախագահը:

Սարգսյանի խոսքով՝ պատմության ընթացքում եղել են բազմաթիվ դեպքեր, երբ արցախցիները դժվարություններին ու արհավիրքներին դիմակայելու բացառիկ կամք են ցուցաբերել:

«Այս անգամ էլ են դիմակայելու, ուղղակի թե ինչ գին ենք վճարելու, դա է մի քիչ հարցական: Ամեն ինչ կախված է Արցախի ղեկավարությունից»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Նրանք վրաններ են տեղադրել, վառարաններ բերել։

Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։

Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել