ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար Ա.Հ.-ն, ունենալով մարտական հերթապահության վերաբերյալ ժամանակին որոշումներ ընդունելու, ենթականերին առաջադրանքներ տալու և դրանց կատարումը վերահսկելու, պետական սահմանի, շփման գծի խախտումները կանխելու, ինչպես նաև՝ հակառակորդի հանկարծակի հարձակման հնարավորությունը բացառելու և կասեցնելու պարտավորություն, 2021 թվականի ապրիլի 15-ին, տեղեկանալով, որ իր կողմից դեռևս 2021 թվականի ապրիլի 5-ին արձակված հրամանի պահանջները չեն կատարվել, որևէ միջոց չի ձեռնարկել հրամանի պահանջների կատարումն ապահովելու ուղղությամբ:
Այս մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազությունից:
Արդյունքում, ՀՀ զինված ուժերը զրկվել են Հայաստանի Հանրապետության վրա անակնկալ հարձակումը ժամանակին հայտնաբերելու և դրան դիմակայելու հնարավորությունից՝ առաջացնելով ծանր հետևանք. 2021 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները ՀՀ պետական սահմանի Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա, Կութ բնակավայրերին և Նորաբակ համայնքին հարող շփման գծի այն հատվածներով, որտեղ զորամասի հրամանատարի անգործության հետևանքով սահմանված չի եղել մարտական հերթապահություն, անարգել հատել և մխրճվել են ՀՀ պետական սահմանից ներս, տեղակայել մարտական դիրքեր՝ վերահսկողություն սահմանելով ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ։
Հսկող դատախազի որոշմամբ 2022 թվականի դեկտեմբերի 13-ին Ա.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը՝ ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում):
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: