ԱԱԾ-ն անօրինական միգրացիա կազմակերպելու նոր դեպք է բացահատել

ՀՀ ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության դեպարտամենտում և Շիրակի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ԱԱԾ քննչական դեպարտամենտի և հիշյալ օպերատիվ ստորաբաժանումների ծառայողների համատեղ իրականացրած մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Երևան և Արմավիր քաղաքներում տուրիստական գործունեություն իրականացնող Ա. Պ-ն 2022 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում շահադիտական դրդումներից ելնելով, երկու և ավելի անձանց անօրինական միգրացիան՝ օտարերկրյա պետություն մուտքը և օտարերկրյա պետությունում գտնվելը կազմակերպելու դիտավորությամբ նախնական համաձայնության է եկել նույն գործունեությամբ զբաղվող Ք. Մ-ի հետ:

Այս մասին հայտնում են Ազգային անվտանգության ծառայությունից։

Դրանից հետո, պայմանավորվածության համաձայն` խմբի անդամներով, միմյանց գործողությունները փոխլրացնելով, կատարելով դերերի բաշխում, Հայաստանի Հանրապետության 6, ինչպես նաև մի շարք այլ քաղաքացիների անօրինական միգրացիան կազմակերպելու համար վերջիններիս կողմից 3.000-3.500 ԱՄՆ դոլար գումարներ տալու դիմաց ՀՀ-ից մեկնել ցանկացող հիշյալ անձանց՝ «Շենգենյան համաձայնության երկրներ» մուտքի պատշաճ թույլտվություն ստանալու նպատակով այլ փաստաթղթերի հետ ՀՀ-ում գտնվող իրավասու մարմիններ են ներկայացրել նաև վերջիններիս անվամբ իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող և իրավունք վերապահող, կեղծ փաստաթղթեր՝ անշարժ գույք և աշխատանք ունենալու, ամուսնացած լինելու հանգամանքի, աշխատավարձի չափի, այլ եկամուտների, ինչպես նաև բովանդակությամբ ակնհայտ կեղծ այլ տեղեկություններ պարունակող տեղեկանքներ՝ այդ կերպ օտարերկրյա պետություններ մուտքի պատշաճ թույլտվություններ ստանալու համար կեղծ փաստաթղթեր ներկայացնելով՝ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ կազմակերպել են մի շարք անձանց անօրինական միգրացիան:

Բացի այդ, Ա. Պ-ն նաև այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ նույն ժամանակահատվածում և մեխանիզմով 4.500 ԱՄՆ դոլար գումարներ ստանալու դիմաց կազմակերպել է 31 ՀՀ քաղաքացիների և այլ անձանց անօրինական միգրացիան:

Նախաքննության ընթացքում քրեական վարույթի շրջանակներում անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խմբի անդամների բնակարաններում, ավտոմեքենաներում, ինչպես նաև տուրիստական գործակալությունների գրասենյակներում կատարված խուզարկություններով հայտնաբերվել և վերցվել են կեղծված փաստաթղթեր, օտարերկրյա պետություններ անօրինական մուտքի թույլտվություն ստացած մի շարք քաղաքացիների կողմից վճարված գումարների վերաբերյալ գրառումներ պարունակող փաստաթղթեր, անօրինական միգրացիայի արդյունքում ՀՀ-ից մեկնած քաղաքացիների անձնագրերի պատճեններ և անձնագրեր, առանձնապես խոշոր չափերի գումարներ և քրեական վարույթի համար նշանակություն ունեցող այլ փաստաթղթեր և առարկաներ:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել հանցավոր խմբի երկու անդամների նկատմամբ անօրինական միգրացիայի կազմակերպման համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Վերջիններս դատարան ներկայացվելու համար ձերբակալվել են: Մեկ անձ ձերբակալվել է հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով: Խմբի անդամներից մեկի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են քննչական անհրաժեշտ գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցավոր խմբերում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու համար:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին արտերկիր մեկնելիս և վերադառնալիս զերծ մնալ անօրինական միգրացիայի գործընթացներում ներգրավվելուց, բացառել կեղծ փաստաթղթերի օգտագործումը և խոշոր գումարների տրամադրումը նշված գործընթացներն անօրինական եղանակով կազմակերպող անձանց:

Ծանուցումհանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել